Այսօր «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել, որով տեղեկացնում էր աշխատողների հնարավոր կրճատումների ու կուտակված պարտքերը վճարելու մասին: Ընկերությունից հայտնել էին, որ աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով: Այս հայտարությունը ըստ էության որեւէ նորություն չէր պարունակում, (միակ նորությունն այն էր, որ գործարանի լրատվականում դեռ աշխատողներ կան), քանի որ անցած շաբաթ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ բառացիորեն նույնը արդեն ասել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ինչպես հայտնի է՝ այս օրերին գործարանի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիաներ են իրականացնում: Նախ Սերժ Սարգսյանի «դռան մոտ»՝, ապա արդեն Հովիկ Աբրահամյանի կառավարության շենքի դիմաց: Աշխատողները երկրի ղեկավարությունից պահանջում են իրենց աշխատավարձերը, մինչդեռ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը զբաղված են միայն խոստումներ տալով: Վարչապետն օրինակ այս անգամ հայտարարել էր թե անկախ ամեն ինչից՝ կհրավիրեն Համաշխարհային բանկի մասնագետներին՝ ուսումնասիրելու խնդիրը, եւ ապա առաջարկել նաիրիտցիներին փնտրել ներդրողներ: Պարզ ասած Հովիկ Աբրահամյանը «լվացել է ձեռքերը»:
Իսկ, որ «Նաիրիտի» շուրջ զարգացումները նոր չեն սկսվել ակնհայտ է: Գործարանը վաղուց ունեցել է ֆինանսական խնդիրներ, որոնք ինչպես աշխատողներն էին պնդել, առաջացել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած անհեռանկարային քաղաքականությամբ եւ վերջինիս եղբոր գործարանի նախկին տնօրենի անհեռատես գործունեության պատճառով: Այսինքն, խնդիրը սոսկ տնտեսական-քաղաքականից վաղուց վերածվել է քրեականի, իսկ այժմ արդեն դառնում է մարդասիրական:
Երկար տարիներ ձեռքից ձեռք անցած եւ պետական այրերի լուռ հովանավորությամբ չարորակ ուռուցք դարձած «Նաիրիտ» գործարանի աշխատավարձային պարտքը նշենք, որ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ կազմում է շուրջ 15 միլիոն դրամ: Իհարկե, Հայաստանի աղքատիկ բյուջեի համար դա հսկայական գումար է, բայց ոչ «ապահով» Հայաստանի միլիոնատեր, կամ միլիարդատեր իշխանության համար, ովքեր եթե քաղաքական կամք ունենային՝ վաղուց խնդիրը կարգավորած կլինեին: Բայց, նրանք դեռ փնտրում են «Նաիրիտը» թալանողներին: Դժվար թե գտնեն...
Կարեն Մեսրոպյան