Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումն ունի միասնական հրամանատարություն ու մշակված ստրատեգիա: ԻՊ-ն ձեւավորվել է 2006թ.-ին՝ 11 արմատական խմբավորումների միաձուլման արդյունքում: Սկզբնական շրջանում, գտնվելով «Ալ-Քաիդայի» ազդեցության ոլորտում, իր տերիտորիալ հավակնությունները բավականին «համեստորեն» քողարկելով, խմբավորումը հանդես էր գալիս «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» անունով: Սակայն, ինչպես արաբական ասացվածքն է ասում. «ախորժակն ուտելուց է բացվում, իսկ վեճը՝ առաջին նախադասությունից»:
Իրաքի կառավարական բանակը, որին Սադամ Հուսեյնի տապալումից հետո, վերազինել ու կազմավորել էին ամերիկացիները, չկարողացավ դիմակայել ահաբեկիչներին, որոնք կարճ ժամանակահատվածում հայտնվեցին Բաղդադի մատույցներում: Հաջողություններից ոգեւորված իսլամականները որոշեցին, որ կարող են խալիֆաթ հիմնաել ոչ միայն Իրաքում ու Լեւանտում, ուստի վերանվանվեցին Իսլամական Պետություն: Մյուս կողմից իսլամական սունի շարժմանը տոն տվող «Ալ-Քաիդան> գտավ, որ Ասադի դեմ պայքարում բավական են «ան -Նուսրայի» գրոհայինները: ԻՊ-ի առջեւ դրվեցին ավելի հեռահար նպատակներ՝ Իրաքի հյուսիսային ու արեւմտյան շրջանների գրավումը:
Սակայն արաբական ասացվածքի նույն հաջորդականությամբ ախորժակի հետ մեկտեղ եկավ նաեւ վեճը: 2014թ.-ին «ԱԼ-Քաիդայի» հրամանատարությունը հայտարարեց, որ այլեւս չի օժանդակում ԻՊ-ին ու պատասխանատվություն չի կրում նրա հետագա գործողությունների համար: Անկասկած «ալ –Նուսրայի» պարագլուխ Աբու Մուհամեդ ալ- Ջուլանի ու ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ- Բաղդադիի միջեւ գոյություն ունի անփնական շահերի բախում: Ուստի պատահական չէ, որ ԻՊ-ի մարտիկները Սիրայում մարտնչում են միարժամանակ Ասադի ու «ալ-Նուսրայի» դեմ: Հատկանշական է, որ «Արաբական ճակատի» մեջ մտնող մի շարք խմբավորումներ համալրում են ԻՊ-ի շարքերը: Դիտվում են նույնիսկ էկզոտիկ երեւույթներ: ԻՊ-ի կազմում է հայտնվել «Մուրաբիտում» խմբավորումը, որի հիմնադիրն է 40 տարի առաջ մահմեդականություն ընդունած շոտլանդացի գրող Յան Դալասը: ԻՊ-ի հաջողությանը նպաստում է նրա կողմից իրականացվող լրատվական –հոգեբանական գործունեությունը:Խմբավորումը մշակութային կազմակերպությունների անվան ներքո լայն գործունեություն է ծավալում եվրոպական երկրներում, Ասիայում ու Ամերիկայում: ԻՊ-ի կազմում մարտնչող արտասահմացի գրոհայինների թիվը գերազանցում է 20 հազարը:
ԻՊ-ն ձգտում է ստեղծել միջնադարյան կառուցվածք ունեցող պետություն՝ շարիաթի օրենքներով: Նրա պարագլուխները նպատակ ունեն զավթել նոր տերիտորիաներ: 2014թ.-ի ամռանը ԻՊ-ի ահաբեկիչները Իրաքում իրականացրեցին շիաների, քրիստոնյաների ու եզդիների մասսայական կոտորածներ: Նշենք, որ ղուրանի համաձայն խալիֆաթի տարածքում բնակվող քրիստոնյաներն ու հրեաները, քաղաքացու կարգավիճակ ստանալու համար խալիֆին պետք է վճարեն հսկայական տուրք: Այն ինչ, իսլամիստները հարյուրավոր քրիստոնյաների արդեն հասցրել են խաչել: Ինչ վերաբերվում է եզդիներին, ապա նրանց ընդհանրապես ապրելու շանս չի տրվում:
ԻՊ-ի զորամիավորումներում հաստատված է աննախադեպ կարգուկանոն: Գրոհայինները կռվի դաշտ են մեկնում նախապես զինվորական պատրաստություն ստանալուց հետո: Զգալի թիվ են կազմում ինքնասպան մահապարտներն, որոնք օգտագործվում են գրեթե յուրաքանչյուր մարտից առաջ: