Վերլուծական 

Չիշխանության նախաձեռնությունն ու Քոչարյանի խոսնակի արձագանքը

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունն այսօր տապալեց ոչ իշխանական խմբակցությունների` (բացառությամբ ՀՅԴ-ի) հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հայտնի է նիստում ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, եւ ՕԵԿ խմբակցությունները պատաստվում էին քննարկել վերջին մայրաքաղաքում տեղի ունեցող բռնությունները: Մասնավորապես ազատամարտիկների եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ իրականացված բռնությունները պետք է դառնային խորհրդարանի քննարկման թեման: ՀՀԿ խմբակցությունը տապալեց նիստը, իսկ մինչ այդ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ խմբակցությունը սույն հարցերը քննարկելը նպատակահարմար չի համարում, եւ որ  առաջարկվող օրակարգը ՀՀԿ-ի համար ընդունելի չէ: Բացի տարբեր գործիչների նկատմամբ կիրառված բռնությունների մասին բարձրաձայնելուց, ոչ իշխանական ուժերը մտադիր էին արտահերթ նիստի օրակարգ ընդգրկել նաև  ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելու հարցը: Շարմազանովն այս առնչությամբ էլ ասել էր, որ այդ հարցը ԱԺ լիազորությունների շրջանակում չէ:


Այն, որ ցանկացած բռնություն ոչ միայն ընդունելի չէ, այլ նաեւ խիստ դատապարտելի է, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց արդյոք ոչ իշխանական ուժերը ցանկանում էին իրավամբ իրավական երկիր կառուցել, թե հերթական անգամ քաղաքական դիվիդենտներ հավաքել: Ակնհայտ է, որ նրանց նախաձեռնությունը բավականին ուշացած է: Ուշացած է նախ այն պատճառով, որ ազատամարտիկներն արդեն իսկ հայտարարել էին, որ որեւէ բողոք չունեն, ոստիկանությունն արդեն իսկ բացահայտել էր Արամ Մանուկյանի վրա հարձակում գործած անձի ինքնությունն, իսկ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին հայտարարվել էր նկատողություն:


Հետեւաբար խիստ տրամաբանական է, որ Ազգային Ժողովում սույն հարցերը քննարկելն այլեւս նպատակահարմար չէ: Ականջահաճո արտահայտություններ հնչեցնելու եւ  խորհրդարանական ամբիոնը սեփական փիառի համար  օգտագործելու չիշխանության հերթական նախաձեռնությունը «խեղդվեց բնում»:


Բռնությունների դեմ պայքարի վեկտորն ինչպես հայտնի է ուղղված է գործող իշխանության դեմ: Ընդդիմությունը մեղադրանքի սլաքներն ուղղել է Սերժ Սարգսյան- Վլադիմիր Գասպարյան զույգի դեմ: Ստեղծված իրավիճակը կարող էր ձեռնտու լինել միայն երրորդ ուժին: Մեր  հրապարակումներից մեկում, արդեն իսկ ներկայացրել էինք տեղի ունեցող զարգացումների տրամաբանական եզրակացությունները:


Իշխանություն-ընդդիմություն «հակամարտությունը» կարող է ներքին լարումների պատճառ դառնալ, ինչը երկու կողմի վրա  էլ բացասական ազդեցություն կթողնի:


Միեւնույն ժամանակ այս ամենը կարող է «գրգռել» իշխանությանը, որովհետեւ ձեռք է բարձրացվել այն մարդկանց վրա, ովքեր Հայաստանի պատմության մեջ կարողացել են զգալի ներդրում ունենալ: Ազատամարտիկները հայրենիքի պաշտպանության սուրբ գործին են նվիրվել, իսկ Արամ Մանուկյանը` կարդացել անկախության հռչակագիրը,  հասարակության վերաբերմունքն այս մարդկանց նկատմամբ բոլորովին այլ է:


Ի դեպ Օրերս Ստյոպա Սաֆարյանը տարբեր լրատվամիջոցներում եւ ֆեյսբուքյան իր էջում հանդես էր  եկել  հայտարարություններով, թե անցած շաբաթ տեղի ունեցած բռնությունները կարող էին կազմակերպված լինել Ռոբերտ Քոչարյանի կամ իր շրջապատի կողմից: Այս հայտարարությանն արձագանքել էր Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն, ասելով. «Կարծում եմ՝ նման հայտարարություններով հանդես գալու համար պետք է քաղաքական խեղկատակ լինել կամ հստակ հանձնարարություն ունենալ բռնությունների իրական կազմակերպիչներից: Այսինքն, միջադեպերից անմիջապես հետո փորձել մեղքը բարդել երկրորդ նախագահի կամ իր շրջապատի վրա»:


Ա. Սերոբյան

 

Նույն շարքից