Վերլուծական 

Գազալցակայաններն ինքնագլո՞ւխ են գազի գինը բարձրացնում

Թեև Համաշխարհային շուկայում բենզինի, նավթի, գազի գները օրեցօր նվազում են, սակայն Հայաստանում, անհասկանալի պատճառներով` աճում: Վերջին օրերին Երևանի մի շարք գազալցակայաններում գազի արժեքը կտրուկ բարձրացել է: Գազ օգտագործող ավտոմեքենաների վարորդները դժգոհում են, որ գազի լիցքավորման կետերում` 1 խմ գազը 190-ից դարձել է 220 ՀՀ դրամ: Վերջիններս մտավախություն ունեն, որ այն դեռ ավելի է բարձրանալու` պայմանավորված դոլարի փոխարժեքով: Գնային զգալի փոփոխությամբ են աշխատում նաև տաքսի ծառայությունները` պատճառաբանելով դարձյալ դրամ-դոլար տատանումները:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն պետ Շուշան Սարդարյանը Analitik.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գազի գինն առաջիկայում փոփոխության չի ենթարկվելու և նույնիսկ անհրաժեշտություն չի տեսնում այդ հարցով հայտ ներկայացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

 

«Մենք վերջին անգամ հանձնաժողովին դիմել ենք 2013 թվականին և մինչ օրս գործում է նույնր գինը, իսկ գազալցակայաններում կտրուկ բարձրացումը հիմք չի հանդիսանում գազի գինը կրկին վերանայելու համար»,-ասաց Շ.Սարդարյանը:


 

Մեր դիտարկմանը` ուրեմն ինգնագլո՞ւխ են գազալցակայաններում գին բարձրացնում, զրուցակիցս ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ «Գազպրոմ»-ը, դոլարի փոխարժեքի հետ կապված, մեծ վնասներ է կրում և փոխհատուցումը կատարում է նույնպես դոլարով»:


«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանից հետաքրքվեցինք` արդյոք գազի թանկացումը կարո՞ղ է ազդել տրանսպորտի ինքնարժեքի վրա։ «Չի բացառվում. իրականում կազդի , եթե չկարողանանք այս համատարած գնաճը կանխել: Ինչո՞ւ չէ, թանկացումների շղթան նաև դրան կարող է հանգեցնել: Հասարակությունը չպետք է օգտվի դրանից և թանկացումներ անի»,-նշեց Պիպոյանը` հավելելով, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն երևանյան գազալցակայաններում են գները բարձրացել:

 


«Երևանից 30 կմ հեռավորության վրա գները նույն են, չեն փոխվել: Այսինքն` դա ապացուցում է, որ գազը չի թանկանալու»,-հույս հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը` կրկին ընդգծելով, որ նախևառաջ պետք է կանխվի գնաճը:

 

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն էլ այն կարծիքին է, որ գազալցակայաններում առկա թանկացումը կբարձրացնի տրանսպորտի բարձրացման հարցը. «40-50 դրամ թանկացումը վարորդի համար քիչ փող չէ , հատկապես, եթե հաշվի առնենք, որ հասարակական տրանսպորտի վառելիքի ծախսը վարորդներն են հոգում»,-մտահոգություն հայտնեց նա:

 

Ակնհայտ է` գազի գնի այսպիսի թռիչքային բարձրացում իրականացվել է գազ մատակարարող ընկերությունների և գազալցակայանների սեփականատերերի փոխադարձ համաձայնության և պայմանավորվածության արդյունքում:

 

Սակայն, հարկ է նշել, որ այսօր Հայաստանում գոյություն ունեցող ջերմաէլեկտրակայանները նույնպես գազը գնում են դոլարով, և բնականաբար, նրանք ևս մեծ վնասներ կկրեն: Հոռետեսությամբ չներշնչվենք, մինչդեռ այս ամենը տանում է նրան, որ մոտ ապագայում կարող է բարձրանալ նաև էլեկտրաէներգիայի սակագինը: Այսինքն, ստացվում է՝ թանկացումները դեռ առջևում են, իսկ աղքատությունը` էլ ավելի «տխուր» ցուցանիշներ է գրանցելու:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից