59 բերման ենթարկված ՀՀ քաղաքացի, 26 վիրավոր եւ 2 ատրճանակ: ՀՀ Ոստիկանությունը պաշտոնապես հրապարակել է Երեւանում եւ Գյումրիում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց եւ ոստիկանության բաժանմունք տեղափոխված անձանց թիվը:
Իսկ ինչ էր կատարվում իրականում Հանրապետության երկրորդ քաղաքում: Արդեն երկորրդ օրն է Գյումրին ալեկոծվում է: Հայրաքաղաքում երեկ գյումրեցիները շարունակեցին իրենց բողոքի ակցիաներն ու երթերը, պնդելով իրենց պահանջը, այն է՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության մեղավորը պետք է քննվի եւ պատժվի ՀՀ-ում: Ակնհայտ է, որ ՀՀ վեց քաղաքացիների սպանդը իրականացրած ռուս զինծառայողը (Վ.Պերմյակովը ընդունել է իր մեղքը), անկախ այն հանգամանքից, որ ՌԴ քաղաքացի է, եւ ռուսական ռազմաբազայի զինծառայող, հանցագործությունը կատարել է ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս:
Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց իրավիճակն հատկապես անկառավարելի դարձավ: Նախապես Շիրակի դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մի մասը ակնհայտ ուղղորդված որոշեց շարժվել դեպի հյուպատոսարանի շենք, որտեղ եւ տեղի ունեցավ բախում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Այն, որ հիշյալ ողբերգությունից «օգտվողներ» եւ դիվիդենտներ հավաքելու համար կճարվեին մարդիկ ակնհայտ էր ի սկբանե: Ողբերգությունը քաղաքականացնելու եւ հայ-ռուսական դարավոր բարեկամական կապերի մեջ սեպ խրելու համար «հարմար» առիթ փնտրողներ այս անգամ էլ գտնվեցին: Մամուլում արդեն իսկ կան հրապարակումներ, որ Գյումրիում գործել են Երեւանից գործուղված «ակտիվիստների» խմբեր, ովքեր եւ հրահրել են ստեղծել լարվածություն:
Այն, որ կարելի է ունենալ արեւմտամետ, ռուսամետ եւ այլ տիպի քաղաքական հայացքներ, որեւէ մեկը չի քննարկում: Միեւնույն ժամանակ հստակ է, որ երեկ երեկոյան ռուսական ռազմաբազայի զինծառայողին հայկական կողմին հանձնելու պահանջը կարծես թե երկրորդ պլան էր մղվել, եւ իրավիճակն ապակայունացնողները ցանկանում էին մեկ անգամ եւս «պղտոր ջրում ձուկ որսալ»:
Նկատենք, որ Շիրակի դատախազության դիմաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ դիմելու է ռուսական կողմին ռուս զինծառայողին հայկական կողմին տրամադրելու հարցով: Ըստ էության կատարելով ցույցի դուրս եկած գյումրեցիների պահանջը: Այդ դեպքում հարց է առաջանում ու՞մ էր պետք լարել իրավիճակը, եւ տեղի ունեցած ողբերգությունը վերածել սեփական PR-ի:Սրանք հարցեր են, որոնց հասարակությունը եւս պետք է պատասխան տա:
Ստեղծված իրավիճակից ակնհայտ է, որ օգտվեցին նաեւ Երեւանում: Ազատության հրապարակում զարգացած իրադարձությունները եւս վկայեցին, որ «պայքարի» դուրս եկած «քաղաքացիական ակտիվիստները» մեղմ ասած ազնիվ չեն իրենց մղումներում:
Այս ամենից նախ եւ առաջ դաս պետք է քաղի արդար պահանջ ներկայացնող գյումրեցին: Իսկ, որ նրանք պահանջում են Հայաստանի պետական, մարդկային արժանապատվություն, օրինականություն, արդարադատություն ակնհայտ է:
Կարեն Մեսրոպյան