Գյումրու դեպքերի հետ կապված հանրապետությունում սկսված պրոցեսները վտանգավոր երանգներ են ստանում: Որոշ ուժերի կողմից ակնհայտ փորձ է արվում նույնականացնել սպանդ կազմակերպած Պերմյակովին մի ամբողջ ռուս ազգի հետ, և նրա հետ կատարվող իրավական գործընթացները ներկայացնել` որպես ՌԴ բարձրագույն ղեկավարության դիրքորոշում և վերաբերմունք Հայաստանի նկատմամբ:
Եթե հետևենք մեր ժողովրդի վզին փաթաթվող այս տրամաբանությանը, ապա դրա առաջին աբսուրդին կհանգենք հենց մեր իրականության մեջ և կհասկանանք, որ նույնականացումները նման դեպքերում բացարձակ անտեղի են, գոնե թե ելնելով մեր հին ասացվածքի իմաստությունից ՛՛գյուղ կա՞, որ շուն չլինի՛՛:
Այսպես, եթե վերլուծվի Գյումրու սպանդին տեղական իշխանության արձագանքը և նրա կատարած գործողությունները ,ապա ստացվում է հետևյալը` Գյումրիի քաղաքապետ Ս.Բալասանյանը բացարձակ ներկա չէր ժողովրդի կողմից կազմակերպված ինքնաբուխ բողոքի ակցիաներին,գրեթե չարտահայտեց իր դիրքորոշումը,սկզբում լուրեր տարածվեցին, որ պաշտոնական այցով գտնվում է արտերկրում,հետո պարզվեց,որ Գյումրիի քաղաքապետարանում ընդունված կարգ է,որ երբ քաղաքապետը գնում է գործուղման ,ապա արձակուրդ է ձևակերպվում:
Հետո լուրեր տարածվեցին, որ նույնիսկ Ավետիսյանների ընտանիքի սգո արարողությունների կազմակերպման համար Գյումրիի քաղաքապետարանը դիմել է Երևանի քաղաքապետարան և վերջիններս են կազմակերպել և ֆինանսավորել ամբողջ արարողությունը,որովհետև Գյումրիի քաղաքապետարանը ոչ փող ունի, ոչ մասնագետ:
Համադրելով այս ամենը և մի քիչ հետ գնալով,ակամայից հասկանում ես, որ Ս.Բալասանյանից պահանջելն էլ է անիմաստ, իրոք ինչպես կարելի է պահանջել անվախություն, քաղաքացիական նախաձեռնություն մի մարդուց, ում տան վրա իր ղեկավարած քաղաքում կրակում են, բայց վերջինս նույնիսկ այդ դեպքում համարձակություն չի ունենում գոնե թե հաղորդում տա,ուր մնաց կանգնի իրեն ընտրած ժողովրդի կողքին:
Այսքանով կավարտեի նյութը ,եթե չլիներ մի բայց, և դա նույնականացումն է:
Ս.Բալասանյանը ԲՀԿ-է, ով է ԲՀԿ ղեկավարը գիտեն բոլորը: Ինչ ուզում են ասեն Գ.Ծառուկյանի մասին, բայց հաստատ ՀՀ -ում չի գտնվի մեկը, որ ասի, թե նա վախկոտ է,կամ կարող են անպատիժ կրակել նրա տան ուղղությամբ:
Բնական է, որ միայն հիվանդ երևակայությունը կարող է ԲՀԿ քաղաքապետ Ս.Բալասանյանին նույնականացնել ԲՀԿ կուսակցության կամ նրա առաջնորդի հետ և Բալասանյանի անձով կարծիք ձևավորել նրանց մասին:
Պերմյակովը ազգությամբ ռուս է,102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող, նրա կատարած սպանդը ռուս ժողովրդի կամքը չէ , նա Ռուսաստանը չէ, նա Պուտինը չէ, ինչպես Ս.Բալասանյանը Գագիկ Ծառուկյանը չէ, ԲՀԿ-ն չէ, անկախ այն բանից, որ ԲՀԿ անդամ է: