Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան ոճրագործությանը եւ դրան հաջորդած զարգացումների մասին շատ գրվեց, գրվելու է նաեւ առաջիկայում: Այն, ինչ տեղի ունեցավ հանրապետության երկրորդ քաղաքում ոչ այլ ինչ, քան ահաբեկչություն որակել հնարավոր չէ: Գյումրեցի 7 հոգանոց Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանել է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Վերջինս, երեկ, ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ընդունել է իր մեղքը: Այս ամենին զուգահեռ դեռեւս առկախված է մնում այն հարցը, թե որտեղ է կրելու իր պատիժը մարդասպանը: Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Պերմյակովը դատվելու է ՌԴ օրենքներով:
Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, ու՞ր մնաց «տղամարդու» խոստումը: Խոսքը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին է: Ինչպես հայտնի է Կոստանյանը Գյումրիում՝ Շիրակի դատախազության շենքի դիմաց, հասարակության առաջ հայտարարեց, որ «տղամարդավարի» խոստում է տալիս՝ դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու, եւ ըստ այդմ, ՀՀ օրենքներով վերջինիս դատելու պահանջով:
Գլխավոր դատախազի «տղամարդավարի» խոստումից անցել է 7 օր: Մեկ շաբաթ լռություն է... Լուռ է նաեւ վերջինիս ղեկավարած կառույցի լրատվականը: Առայժմ հայտնի չէ, թե դիմել է արդյոք Գեւորգ Կոստանյանը ՌԴ իր «ադաշին», եթե դիմել է, ապա ինչպիսի՞ն է պատասխանը:
Այն, որ պետական պաշտոն զբաղեցնող չինովնիկները, ինչ տրամաչափի էլ լինեն, տարիներ շարունակ բավարարվել են օդի մեջ դատարկ փամփուշտներ կրակելով, եւ շատ հաճախ իրենց խոստումները չեն կատարել մեկ անգամ չէ, որ համոզվելու առիթ ունեցել ենք: Իսկ, եթե այդ խոստումին զուգահեռ շեշտվում է նաեւ տվյալ պաշտոնյայի սեռական պատկանելիությունը, սա արդեն մտորելու տեղիք է տալիս:
Գյումրիում բարձրացված հասարակական ճնշման ներքո Կոստանյանը ստիպված եղավ հայտարարելու, որ խոսում է ոչ թե որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ որպես հայ տղամարդ: Իսկ, թե ինչու՞ են մեր պետական այրերը շատ հաճախ հղում անում իրենց սեռական պատկանելիությանը, ինչու՞ նրանք չեն կարողանում իրենց պարտականությունները կատարել որպես պաշտոնյա, որի համար հարկատուներիս հաշվին սնվում են, քննարկելու մեկ այլ թեմա է:
Կա նաեւ երկրորդ հավանական տարբերակը: Կոստանյանն ամեն դեպքում կատարել է «տղամարդավարի» իր խոստումը եւ դիմել է ՌԴ գլխավոր դատախազին, իսկ պատասխանը բացասական է եղել: Սա ավելի է բարդացրել «տղամարդու» վիճակը, եւ նա «տղամարդավարի» այդ մասին բարձրաձայնել չի կարողանում:
Կարեն Մեսրոպյան