Վերլուծական 

Գյումրիից մինչև Բերձոր...Ո՞ւմ է ձեռնտու

Արցախի Հանրապետություն՝ Բերձորի շրջանում իրականացված ՛՛ռեյդային ստուգումներ՛՛ կոչված օպերացիան ոչ այլ ինչ է, քան հերթական ապացույցն այն բանի, որ պերմյակովներ, փաստորեն, կան նաև մեր շարքերում:

Ո՞վ է տվել հրամանը ծեծի ենթարկել ՀՀ քաղաքացիներին, կանանց, երեխաներին, մի՞թե մարդիկ, ովքեր մտահոգված են Արցախի անվտանգությամբ:

Եթե դա այդպես է, ապա այդ մարդիկ մտածո՞ւմ են, թե ինչպես է սա օգտագործվելու նույն Արցախի և Հայաստանի դեմ միջազգային տարբեր ամբիոններում: Ինչպե՞ս են այս միջադեպն օգտագործելու մեր թշնամիները:

Մի պահ մտածենք, որ սխալ էր ակտիվիստների, որոնց մեջ էր նաև Շուշվա հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը,որի գլխի կամ նրան գետնին տապալելու համար դեռևս 90-ականներին ադրբեջանական իշխանությունները կլորիկ գումար էին առաջարկում, երթը Արցախ: Սակայն երթը կանգնեցնելու հազար ու մի ձև կա, բացի այն տարբերակից, որն ընտրեցին Արցախի ոստիկանները:


Ո՞ւմ էր ձեռնտու այս պատահարը՝ արցախցիների՞ն, հայաստանցիների՞ն, միանշանակ ոչ: Այս պատահարից օգուտներ են քաղելու միայն մեր թշնամիները, մի՞թե սա չի նշանակում, որ ԼՂՀ հրաման տվող բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում կան մարդիկ, ովքեր առաջին տեղում դնում են ոչ թե ՀՀ կամ ԼՂՀ պետական շահը, այլ իրենց տերերին ծառայելը:

Մնում է հասկանալ, թե տերն ո՞վ է այս դեպքում՝ Սերժ Սարգսյա՞նը, կարծում ենք ոչ, քանզի այս դեպքից մնացած ծանր հետևանքների համար հենց նա է ստիպված լինելու պատասխան տալ բազմաթիվ խրթին հարցերի, որոնք անկասկած կհնչեցվեն աշխարհի տարբեր ամբիոններում: Մնում է պարզել, թե Արցախի իշխանությունում  ովքե՞ր են գործում  ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ, և ովքե՞ր են Հայաստանի համար այս լարված շրջանում մտահոգվում  իրենց  հետագա քաղաքական շահերի  և  իրական տերերին հաճելի ծառայություն մատուցելու մասին:

Հ.Գ. Իրական տերերն էլ իրենց անձնական քաղաքական նպատակներն իրագործելիս կարծես թե թքած ունեն թե պետական շահի, թե ազգային շահի վրա:

 
 

Նույն շարքից