Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ նշեց, որ պետք է քայլեր արվեն ՀՀ քաղաքական դաշտը ինտելեկտուալ սպեկտր բերելու համար՝ մասնավորապես երկրորդ կետով նշեց՝
2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:
Մեզ թույլ ենք տալիս նշել,որ նախագահի մատնանշած քայլը որքան էլ արդյունավետ է առաջին հայացքից,սակայն ոչ օբյեկտիվ է,քանի որ Գագիկ Ծառուկյանից բացի մնացած պատգամավորները անտեսված են. Մանավանդ, որ բացակաների շարքում առաջնային տեղեր են զբաղեցնում ազգընտիր, ազգիս հոգսով անքուն գիշերներ անցկացնող ԲՀԿ-ական պատգամավորները, և ոչ միայն:
Analitik.am-ը փորձեց կապ հաստատել դեռևս ԲՀԿ-ական պատգամավորների հետ՝ պարզելու համար նրանց բացակայությունների հարգելի հիմքերը: Ստացված պատասխաններն առավել քան զավեշտալի էին, պատգամավորները մեր հարցին, թե ինչու եք բացակայել, հիմնականում պատասխանում էին, որ կապնվեք իրենց օգնականների հետ՝ նա գիտի, կպատասխանի: Օգնականներն էլ ոչ ավել ոչ պակաս հայտարարեցին,որ նրանք հիվանդ են կամ էլ երկրում չեն:
Մեր օրենսդրությամբ այդքան երկարատև հիվանդությամբ տառապող անձիք ազատվում են զինվորական ծառայությունից, ԱԺ պատգամավորը ժողովրդի ծառան է,բնականաբար ԱԺ պատգամավոր լինելը ծառայության մի տեսակ է, և այս դեպքում ՀՀ նախագահի հորդորը միայն Գագիկ Ծառուկյանին հիվանդության պատճառով ծառայությունից ազատելը, մեղմ ասած, օբյեկտիվ չէ, բա մնացած հիվանդները ինչո՞վ են վատը Ծառուկյանից:
Ելնելով այն սկզբունքից,որ օրենքի առաջ հավասար են բոլորը,պետք է ծառայությունից ազատվեն,այսինքն մանդատից զրկվեն նաև մյուս հիվանդները:
Ստորև ներկայացնում ենք դեռևս ԲՀԿ-ական պատգամավորների բացատրություններն իրենց բացակայությունների հետ կապված.
Մելիք Մանուկյան (85 բացակա).
«Ես հո մտածվա՞ծ չեմ բացակայել, պատճառ ա չէ՞ եղել»: Հարցին՝ թե կարելի՞ է իմանալ ինչ պատճառներ են դրանք, ասաց. «Ես հիմա, որ քեզ հարցնեմ՝ ինչի ես դու բացակայում, կասե՞ս»: Հաջորդ հարցին՝ երևի անձնակա՞ն են, այո՞, պատասխանեց. «Բա ո˜նց, անձնական են, բա ինչ են»: Մեր այն դիտարկմանը՝ թե Դուք գիտե՞ք, որ 65.5 բացակա ունենալու դեպքում պագամավորին, ըստ ՀՀ ԱԺ սահմանադրության, զրկում են մանդատից, պարոն Մանուկյանը էլ ավելի անկեղծ պատասխան տվեց. «Ա՛յ ցավդ տանեմ, հարգելի ա եղել իմ բացակայությունը՝ մարդա մահանում, թաղում գնալա, բանա…սենց շատ հարցեր կան, դրա համար էլ բացակայում ենք, բայց հո հատուկ չե՞նք բացակայում…»:
Գրիգորի Մարգարյան (68)
«Ես չեմ կարծում, որ այդքան շատ բացակա ունեմ, էդ ո՞նց ա եղել…» (զարմացած): Հետո ասաց, որ առողջության հետ կապված՝ կոնկրետ երիկամների, խնդիրներ ունի, ապա նշեց որ վերջերս է վիրահատվել և դրա պատճառով է բացակայել: Մեր արձագանքին՝ որ, փաստորեն, հարգելի է եղել նրա բացակայությունը, պարոն Մարգարյանը վրա բերեց, «Իհա՛րկե հարգելի է, բա երիկամը, վիրահատությունը առողջական խնդիրներ են չէ՞, ուրեմն՝ հարգելի է»: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ ինքը ամենապարտաճանաչ պատգամավորներից մեկն է և հազվադեպ է բացակայել ԱԺ նիստերից.«Եթե տեղյակ եք, վերջին 12 տարիների ընթացքում միշտ ներկա եմ եղել ԱԺ լսումներին, քննարկումներին, եթե բացակայել եմ, ուրեմն՝ հարգելի պատճառով»:
Ռուբեն Գևորգյան. (100 բացակա).
«Այդ բացակայությունը միայն ինձ հետ կապված չի եղել, նաև իմ մյուս ազատամարտիկ ընկերների: Մեզ համար կարևորը առջնագծում լինելն է եղել, Տավուշում և այլուր»:
Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո, 96 բացակա).
Նրա օգնական Լիանան փոխանցեց, որ պարոն Կարապետյանն այս պահին քաղաքում չէ, իսկ շուրջ 96 բացակայությունները պայմանավորված են առողջական խնդիրներով . «Նա բուլետին ունի, հիվանդ է»: Հարցրեցինք՝ ի՞ն չ հիվանդ է, պատասխանեց՝ չգիտի, քանզի իր «շեֆը» աշխատակազմի հետ է այդ հարցը կարգավորում:
Արագած Ախոյան (78 բացակա).
Վերջինիս օգնական Լիլիթը դժվարացավ պատասխանել մեզ հետաքրքրող հարցին, թե ինչի հետ կարող է կապված լինել պատգամավորի բացակայությունը. «Ես այդ հարցին միանշանակ չեմ կարող պաասխանել, իր հետ պետք է խոսեք…այս պահին քաղաքում չէ»,-ասաց նա:
Շարունակելի