Վերլուծական 

Ո՞ւմ կհասնի ԲՀԿ նախագահի աթոռը

Վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը հեռանալու է քաղաքականությունից, ինչը միանգամայն հնարավոր է, քանզի ՀՀԿ-ն հստակ ցույց տվեց իր վերաբերմունքը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի նկատմամբ, ինչի արդյունքում տեսանք՝ ինչ ստացվեց: Ծառուկյանի քայլից հետո վերջինիս քաղաքականության մեջ մնալը գրեթե անիմաստ է դառնում: Թե ինչքանով կհաստատվեն Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու լուրերը, շուտով  կիմանանք, սակայն մի բան հստակ է՝ ԲՀԿ ղեկավարի պաշտոնը հետաքրքրելու է մի շարք քաղաքական ուժերի, ինչպես նաև առանձին գործիչների.


Առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին, ում ներկայացվածությունը ԲՀԿ-ում բավականին կշիռ է կազմում՝ Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Իրինա Քոչարյան և բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր զբաղված են ԲՀԿ ներկուսակցական ակտիվ գործունեությամբ, սակայն չեն երևում: Քոչարյանի ազդեցությունը ԲՀԿ-ում էլ ավելի մեծացնելը կարծես թե այդքան էլ չի ստացվի, քանզի Ծառուկյանից ավելի ծանրակշիռ ներկայացուցիչ նա չի կարող ունենալ, ուստիև վերջին դեպքերից կարելի է հետևություն անել, որ ԲՀԿ-ում Քոչարյանի ազդեցության թուլացում է գնալու, այլ ոչ թե հակառակը:



 ԲՀԿ-ում իր դիրքերն ամրապնդելու հնարավորություն ունի նաև Հովիկ Աբրահամյանը՝ առաջին հերթին ի դեմս Նաիրա Զոհրաբյանի: Այն, որ տիկին Զոհրաբյանը բավականին ճկուն ձևով մշտապես համագործակցել է Հովիկ Աբրահամյանի հետ, պետք է որ գաղտնիք չլինի շատերի համար: Գագիկ Ծառուկյանն էլ ժամանակին, եթե ավելի ուշադիր լիներ, գուցե չընթերցեր այն տողերը, որոնք իր համար կործանարար դարձան: Հովիկ Աբրահամյանն իր ազդեցությունը ԲՀԿ-ի վրա տարածելու դեպքում՝ ազդելով ԲՀԿ նախագահի նշանակման գործընթացի վրա, կարող է վտանգավոր դառնալ ՀՀԿ-ի համար: Նա ՀՀԿ-ում ունի իր սեփական թիմը, ԲՀԿ-ում նույնպես կան բազմաթիվ մարդիկ, ովքեր Աբրահամյանի շնորհիվ աշխատանք են ստացել կառավարության ՊՈԱԿ-ներում  և այլն, Հովիկ Աբրահամյանին և ԲՀԿ-ին  միմյանց կապող բավականին շղթաներ կան, ուստի նրա մոտ շատ արագ կստացվի իր ազդեցությունն ամրապնդել ԲՀԿ-ում:



Եվ վերջապես ԲՀԿ-ի նոր ղեկավարի ով լինելն այս պահին մտահոգում է նաև ՀՀԿ-ին, և, մեր համոզմամբ, առանց վերջինիս համաձայնության ԲՀԿ-ում նոր ղեկավար չի կարող նշանակվել: Հանրահավաքի հետաձգումը փաստեց, որ ԲՀԿ-ն այսուհետ զրկվեց սեփական ուժերով որոշումներ կայացնելու հնարավորությունից, քանզի ապացուցվեց, որ վերջինս, լինելով ՀՀ-ում երկու  խոշոր  կուսակցություններից մեկը, որն իր շուրջն էր համախմբել ընդդիմադիր ոլորտի ներկայացուցիչներին, կայացնում է հակապետական, վտանգներով լցված, ազգի անվտանգությունը խանգարող որոշումներ, որոնց այդպիսին լինելը հասկանում է որոշումը կայացնելուց և հրապարակելուց հետո: Այն պահից սկսած, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը սկսեց դրսևորել ոչ ադեկվատ պահվածք՝ այսինքն կորցրեց իրավիճակը սթափ և սեփական ուժերով գնահատելու կարողությունը՝ ընկնելով այլոց ազդեցության տակ, ՀՀԿ-ն՝ որպես իշխող կուսակցություն, այսպես ասած,  իրավունք ստացավ միջամտել ԲՀԿ ներքին կյանքին:  Սա նշանակում է, որ ԲՀԿ նոր ղեկավարը պետք է ընդունելի լինի առաջին հերթին   Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի  համար:


Հ.Գ. Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ի ներսում  արմատական փոփոխությունները կայծակնային արագությամբ չեն արվի: 

Շարունակելի

Նույն շարքից