Վերլուծական 

Ավստրալիան, Գալիպոլին ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Զարմանալի է, բայց փաստ է,  որ հեռավոր Ավստրալիան զգալի ներկայություն է ունեցել Առաջին աշխարհամարտին, այն էլ՝ եվրոպական պատերազմական թատերաբեմերում: Ավստրալիայից և Նոր Զելանդիայից հազարավոր զինծառայողներ են մասնակցել Առաջին աշխարհամարտին՝ պատերազմելով Եվրոպայի ամենաթեժ հատվածներում, այդ թվում՝ Դարդանելում: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավստրալական և նորզելանդական զինվորական անձնակազմը հայտնի է ԱՆԶԱԿ (ANZAC) անունով, իսկ հապավումը նշանակում է՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսներ:



ԱՆԶԱԿ-ն ուղիղ կապ ունի նաև հայերիս հետ: Հենց ավստրալա-նորզելանդական զորքերն են ակտիվ մասնակցություն ունեցել Դարդանելի (հայտնի է նաև Չանաքքալեի կամ Գալիպոլիի) ճակատամարտին՝ կռվելով Դաշնակից ուժերի կազմում ընդդեմ Օսմանյան կայսրության: Իսկ օսմանյան բանակում այդ ժամանակ նաև մեծաթիվ հայեր են եղել, որոնցից Սարգիս Թորոսյանի պատմությունը լավագույնս է արտահայտում այդ օրերի իրական պատկերը՝ երբ մի կողմից հայ սպաներն ու զինվորները քաջաբար կռվում էին թուրքական բանակում, իսկ մյուս կողմից նույն այդ ժամանակ երիտթուրքերն իրականացնում էին խաղաղ հայերի զանգվածային կոտորածը:



Սա պատմությունից, իսկ մեր օրերում ԱՆԶԱԿ-ի անունն առավել հաճախ է սկսել շրջանառվել լրատվական դաշտում, քաղաքական մեկնաբանություններում, տարբեր հարթակներում, ինչը կապված է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Դարդանելի գործողության հարյուրերորդ տարին ապրիլի 24-ին նշելու որոշման հետ: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից նշանակալի օր չէ: Դարդանելի գործողությունը սկսվել է մարտի 18-ին, իսկ ցամաքային գործողությունները՝ ապրիլի 25-ին: Եվ ահա ապրիլի 25-ն էլ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նշվում է որպես ԱՆԶԱԿ-ի օր: Ապրիլի 25-ը, և ոչ թե 24-ը…



ԱՆԶԱԿ-ի նշանակությունն Ավստրալիայի համար չի կարելի թերագնահատել: Կարելի է ասել, որ ոչ մեծ պատմություն ունեցող, նախկինում անգլիական գաղութ հանդիսացած հսկա կղզի-պետության համար ԱՆԶԱԿ-ի մասնակցությունն Առաջին աշխարհամարտին «պատերազմների պատերազմն է»: Ավստրալիայում քիչ չեն կարծիքներ, ըստ որոնց՝ ԱՆԶԱԿ-ի մասնակցությունն այդ պատերազմին Ավստրալիայի ողջ պատմության ամենակարևոր մասն է: Ավստրալիայի համար ոչ հաղթական ճակատամարտն իրականում վերաիմաստավորված է, այստեղ ուշադրությունում ոչ թե բուն ճակատամարտի արդյունքն է, այլ դրան Ավստրալիայի մասնակցությունը, կորուստներն ու հիշողությունը:

Եթե նայենք ավստրալական ռազմական պատմությանը, առաջինն ինչ աչք է ծակում, նրա մշտական մասնակցությունն է «ուրիշների պատերազմներին» սկզբում բրիտանական ուղղորդմամբ (ինչպես Գալիպոլին), իսկ վերջին տասնամյակներին Միացյալ Նահանգների ճամբարում (Վիետնամ, Իրաք, Աֆղանստան):



Ավստրալիայի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել ԱՆԶԱԿ-ին նվիրված հուշարձաններ, Սիդնեյում ԱՆԶԱԿ անունն են կրում փողոցներ, խոշոր կամուրջ, անգամ թխվածքաբլիթներ: Սիդնեյի կենտրոնում է կառուցված ԱՆԶԱԿ-ին նվիրված խոշոր հուշահամալիրը, որտեղ տեղ են գտել ոչ միայն Առաջին համաշխարհայինին, այլ նաև այլ հակամարտություններին (օրինակ, Վիետնամ, Իրաք) նվիրված ցուցանմուշներ: Սակայն պետք է շեշտել, որ հուշահամալիրում Ավստրալիայի մասնակցությամբ այլ պատերազմների շարքում գերիշխում է ԱՆԶԱԿ-ի ազդեցությունը: Գալիպոլիի ուրվականը նաև փողոցներում է, ավտոբուսների վրա հայտարարություններ են Գալիպոլիի ճակատամարտի մասին ֆիլմերի, տարբեր ցուցադրությունների վերաբերյալ: Անզեն աչքով էլ երևում է, որ Ավստրալիան լրջորեն պատրաստվում է Գալիպոլիի 100-րդ տարելիցին:Եվ այստեղ հայերիս հետաքրքրող հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք Ավստրալիայի կամ Նոր Զելանդիայի ղեկավարները կներկայանան Թուրքիայի պատրաստած  Դարդանելն ապրիլի 24-ին նշելու շոուին:



Իհարկե, սպասելի է, որ Կանբերան ամենաբարձր մակարդակով կարող է ներկայանալ Թուրքիա, քանի որ՝

  1. Ինչպես վերը նշեցի, Ավստրալիայի համար Գալիպոլիի ճակատամարտը շատ նուրբ թեմա է և նկատելի է, որ ոչ հարուստ անցյալ ունեցող այս պետությունը փորձում է պատմություն կերտել նման դրվագների հիմքի վրա,
  2. Քաղաքական, հասարակական, մշակութային տեսանկյունից Ավստրալիան լուրջ կապեր չունի Հայաստանի հետ, այստեղ քիչ են նաև հայերն ու մեծ հաշվով չկա լուրջ ուժ ներկայացնող համայնք,
  3. Ավստրալիան Հայոց ցեղասպանությունը չճանած երկրների թվում է, իսկ Թուրքիան միանշանակ ավելի մեծ կարևորություն և հետաքրքրություն է ներկայացնում Ավստրալիայի համար:

Ցավոք, պետք է հասկանանք, որ հաճախ Հայոց ցեղասպանության հարցը տարբեր պետությունների համար ավելի շուտ քաղաքական բնույթ է կրում, քան պատմական արդարության հարց է:

Հայաստան-Ավստրալիա թույլ հարաբերություններն անսպասելի կամ ոչ բնական երևույթ չեն: Տեղին է հիշել ավստրալահայի նամակը տեղի իշխանություններին՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու խնդրանքով և նամակի պատասխանը, այն է՝ ՀՀ-Ավստրալիա հարաբերությունների արդի մակարդակի պայմաններում դեսպանություն բացելը նպատակահարմար չէ:




Եվս մեկ անգամ պետք է ընդգծել, որ Օվկիանիան ներկայացնող այս երկու պետություններից ամենաբարձր մակարդակով ներկայությունը Դարդանելում չպետք է զարմանք առաջացնի, քանի որ ավելի խորքը նայելու դեպքում կարելի է գտնել դրա պատճառները, որոնք, իհարկե, մեզ համար ընդունելի չեն:

Հ.Գ. Դարդանելի գործողության հիշատակի միջոցառումները Թուրքիային նաև եկամուտ են ապահովում: Յուրաքանչյուր տարի Ավստրալիայից մեծաթիվ զբոսաշրջիկներ են մեկնում Թուրքիա՝ այցելելու Դարդանել: Իսկ ճակատամարտի 100-ամյա տարելիցին սպասելի է ավստրալացիների ավելի մեծ հոսք Թուրքիա:


Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից