Փորձելով հասկանալ և հնարավորինս վերլուծել Հայաստանի քաղաքական դաշտում առկա միակ այլընտրանքային ուժում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, մի բան է հստակ, որ դեռևս անորոշ ճակատագիր ունեցող քաղաքական ուժի շարքերը նոսրանում են:
Ամեն օր լսում ենք, որ ԲՀԿ-ական որևէ պատգամավոր ինքնակամ լքում է ԲՀԿ-ն՝ տալով մեկը մյուսից սրտաճմլիկ պարզաբանումներ: Նախկինում, ԲՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց պայքարը դրսևորում էին ԱԺ նիստերից բացակայելով կամ լքելով նիստերի դահլիճը՝ համաձայնեք, որ հեշտ չէ լինել պատգամավոր, ցանկանալ օրենսդրական լուրջ փոփոխություններ անել, բարելավել երկրում վիճակը, գործել բացառապես ի շահ հասարակության և պետության, բայց չկարողանալ մասնակցել նիստերին, քանզի պայքարը կանչում է:
Քանի որ այժմ քաղաքական հարթակում նորաձև է կիրառել “տղայական լեքսիկոնից” բառեր, ուստի մենք էլ չենք դավաճանում կանոններին և ձևակերպենք մեր կարծիքն այսպես՝ ԲՀԿ-ում մնացին միայն առնետները, թասիբով տղերքը՝ հեռացան:
Չնայած ՛՛թասիբով տղերքի՛՛ ցուցակը դեռևս ամբողջովին համալրված չէ՝ առաջիկա օրերի ընթացքում սպասվում է, որ ևս մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին՝ այդ կերպ ցույց տալով իրենց ՛՛թասիբը՛՛:
Վարդան Օսկանյանի մանդատը վայր դնելու կամ չդնելու հարցը կարծում ենք միայն ժամանակի հարց է: Արդեն այսօր մամուլում խոսվում էր այն մասին, որ Օսկանյանին փորձել են համոզել, որպեսզի նա չհրաժարվի մանդատից: Թե ինչո՞վ են ավարտվել այդ բանակցությունները՝ դեռ հայտնի չէ։ Ինչպես տեսանք, նա էլ այլևս ԲՀԿ անդամ չէ:
Խոսվում է, որ Վահե Հովհաննիսյանը նույնպես կարող է վայր դնել պատգամավորական մանդատը:
Մինչ այս պահը ամենաինտրիգայինը մնում է այն հարցը, թե ով կղեկավարի ԲՀԿ-ն:
Հայտնի է, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած նիստի ժամանակ պատգամավորների մեծամասնությունը հավանություն է տվել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը՝ որպես ԲՀԿ կուսակցության նախագահ:
Նաիրա Զոհրաբյանի կողմից ԲՀԿ-ն ղեկավարելու դեպքում փաստացի կստացվի այնպես, որ ԲՀԿ-ում մնացած կուսակիցները դե ֆակտո ենթարկվելու են Հովիկ Աբրահամյանին, քանզի, գաղտնիք չէ, որ տիկին Զոհրաբյանը միշտ էլ ընկալվել է որպես Աբրահամյանի կադր: Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր գիտեն, որ տիկին Զոհրաբյանը մի անգամ չէ, որ բավարարել է Հովիկ Աբրահամյանի ԲՀԿ-ի ներսին վերաբերող ինֆորմացիոն քաղցը:
Ինչևէ՝ փաստացի ԲՀԿ-ն կորցնելով իր նախկին ռեսուրսները, ինչպես նաև ամբիցիաները, կվերածվի շարքային կուսակցության, և արդեն էական չի, թե ով կկառավարի այդ կուսակցության նախագահին, բայց այսպես ասած ՛՛թասիբով տղերքը՛՛ չեն կարող իրենց թույլ տալ կառավարվել մեկ այլ մարդու կողմից կառավարվող պսեվդոլիդերի կողմից:
Հիշեցնենք, որ այժմ ԲՀԿ խմբակցությունում 29 պատգամավոր է մնացել՝ նախկին 36-ի փոխարեն: Կարծում ենք՝ այս թիվը դեռ բավականին կփոքրանա: