Վերլուծական 

Ճարտարցի տրեխներով տղայի նոր արկածները Երևանում

analitik.am

Analitik.am-ը նախկինում անդրադարձել էր  Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղից ՀՀ եկած,  ամերիկյան երազանքը ղարաբաղյանի փոխած և տրեխներով ՀՀ ԱԺ  վերահսկիչ պալատ հասած, հալալ քրտինքով հարստացած, վերոնշյալ  պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ՝  ՀՀԿ-ական պատգամավոր «Բառադի Համոյի»  հալալ զուլալ փեսա Մուշեղ Սաֆարյանի ազգընտիր գործունեությանը:


Վերջերս խմբագրություն զանգահարեց  մի քաղաքացի, ով  ուշագրավ մանրամասներ հաղորդեց սույն հրաշամանուկի գործունեությունից, որը ավելի քան հիմք է տալիս եզրակացնել,որ Մուշեղ Սաֆարյանի տրեխները սովորական տրեխներ չեն,այլ արագընթաց՝  հագնելով դրանք այլևս ոչ մի արգելք անհաղթահարելի չէ,  հնարավոր է նույնիսկ անհնարը՝ որքան էլ  դա մարդկային բանականության և բարոյականության սկզբունքներից դուրս լինի:


 Այսպես՝  ստորև ներկայացնենք կախարդական տրեխների հերթական արագացումը.


Պարզվում է , որ հանրահայտ Ֆինանսական բուրգի գործով,  Մուշեղ Սաֆարյանն  ունեցել է  50 տոկոս բաժնեմաս  «Ամադեղա»  ՍՊԸ-ին պատկանող ավազահանքում:Բաժնեմասը նրան տրվել է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի կողմից, որպեսզի Սաֆարյանը , այսպես ասած, տանիք լինի այդ բիզնեսին:


Հավանաբար ամբաստանյալ Ա.Անդրեասյանը հստակ իմացել է կախարդական տրեխների մասին և Մուշեղ Սաֆարյանի Վերահսկիչ պալատում աշխատելը կամ «Բառադի Համոյի» փեսա լինելը այստեղ ընդհանրապես կապ չունի: Նույն ֆինանսական բուրգի գործով տրված ցուցմունքներով պարզվել է նաև,որ Մուշեղ Սաֆարյանը ոչ մի լումա անգամ չի ներդրել այդ հանքում: Այս  փաստն ընդունել է նաև ինքն անձամբ, սակայն միևնույն ժամանակ հասցրել է, հավանաբար կախարդական տրեխների օգնությամբ, փոխառություն կնքել «Ամադեղա» ՍՊԸ-ի հետ՝  17.000.000 ՀՀ դրամի չափով:  Այնուհետև վաճառել է իր բաժնեմասը՝  երկու բնակարանի և ոչ բնակելի տարածքի դիմաց:


Սակայն Պետական ռեգիստրում վաճառքի գինը նշել է ընդամենը 25 000 ՀՀ դրամ և այժմ նոր սեփականատիրոջից պահանջում է անվավեր ճանաչել բաժնեմասի առուվաճառքը՝ պատճառաբանելով, որ չի ստացել առուվաճառքի 25 000 ՀՀ դրամը, իհարկե մոռացության մատնելով ստացված բնակարանները և տարածքը:


Ընդունեք, որ եթե մեր հերոսին սա էլ հաջողվի, ապա վստահաբար կարելի է նշել,  որ նրա տրեխները ոչ թե արագընթաց են,այլ օժտված են հրթիռային շարժիչով:




Շարունակելի

Նույն շարքից