Վերլուծական 

«Դատարանն ունի կանխակալ վերաբերմունք, պաշտպանությունը վերածվում է ձևականության, իսկ դատաքննությունը` արդարադատություն իրականացնելու պատրանքի». Ամիրխանյան

Analitik.am-ը նախկինում անդրադարձել էր Կարո Կարապետյան-Արթուր Զադոյան դատավարությանը, որն արդեն ինչքան ժամանակ է վերածվում է կոմեդիայի:


Օրեր առաջ Մասիս քաղաքում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ Արթուր Զադոյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:

 

Արթուր Զադոյանի պաշտպանն  իր ելույթում նշեց, որ կայացած դատական նիստերից մեկի ժամանակ, երբ հարցաքննվել է Կարո Կարապետյանը, դատավորը ակնհայտ ձևով տվել է հուշող հարցեր, եղել են կողմնորոշիչ հարցադրումներ, որից հետո տուժող Կարո Կարապետյանը տվել է դրական պատասխան: Դատապաշպանը նաև հիշեցրեց, որ տուժող Կարո Կարապետյանը նախկինում լինելով տաս անգամ հարցաքննված ոչ մի անգամ չի նշել դատավորի կողմից հուշածը:


Գործի նախաքննության եռամսյա ժամկետը լրանալուց հետո, տվյալ գործով նախկին դատախազը ժամկետը երկարացնելու նպատակով համապատասխան մասում չի ստորագրել, այսպիսով ժամկետը մնացել է առանց երկարացման: Քրեական գործի նախաքննական ժամկետի ամսաթիվը համարվել է անցած, սակայն դա չի խանգարել հետաքննություն իրականացնող մարմնին առանց նախաքննության ժամկետ ունենալու, «անօրինական կարգով» շարունակել գործողությունները: Իսկ երկու ամիս տևող գործողությունների ընդհատումից հետո անօրինական գործի ժամկետը երկարացվել է և այսպիսով կատարվել է քննչական տարատեսակ անօրինական գործողություններ, և  Արթուր Զադոյանը շարունակում է մնալ այս գործով որպես մեղադրյալ:


Զադոյանի պաշտպանը նշեց, որ դատարանը «հակառակ օրենքի պահանջը» բավարարելու բազմաթիվ անգամ մերժել է իրենց միջնորդությունները, այն դեպքում, երբ բավարարել է մյուս կողմի միջնորդությունները: Դատարանը ցուցաբերում է կողմնակալ վերաբերմունք տուժողի հանդեպ:


«Դատարանն անգամ օրենքի խախտման գնով կողմնակալ վերաբերմունք է  դրսևորել մեղադրյալի նկատմամբ»,- նշեց ամբաստանյալ Արթուր Զադոյանի պաշտպանը:  


Նա նաև  խոսեց այն մասին, որ վկաների բոլոր ցուցմունքները հակասում են մեկը մյուսին, սակայն դատարանը չի տեսնում դա՝ սովորության համաձայն:


«Էական հակասությունների պայմաններում, կողմերի միջնորդության պայմաններում, դատարանը  արդարացի դատական սկզբունքի համաձայն նախաձեռնություն չի դրսևորել:  Դատարանը բազմիցս չի ցանկացել ուղղել իր սխալները,  դատարանը չցանկացավ բավարարել պաշտպանի այլ միջնորդությունները՝ նորից օրենքի խախտմամբ: Այս ամենն արվեց, որպեսզի պաշտպանական կողմն ապագայում հնարավորություն չունենա իր պաշտոնական ճառում հենվել իրեղեն ապացույցների վրա, քանի որ, համաձայն օրենքի, կողմերն իրավունք չունեն քննել այնպիսի նյութեր, որոնք չեն քննվել դատական նիստի ժամանակ»,- նշեց Զադոյանի պաշտպանը:


Այնուհետև շարունակեց. «Դատարանն ունի կանխակալ վերաբերմունք, պաշտպանությունը վերածվում է ձևականության, իսկ դատաքննությունն արդարադատություն իրականացնելու պատրանքի, հիմք ընդունելով այս բոլոր խախտումները՝   պահանջում եմ,  որպեսզի դատավորը ինքնաբացարկ հայտարարի»:


Դատավորը դիմեց ամբաստանյալ Զադոյանին՝ հարցնելով նրա կարծիքը: Վերջինս  ասաց. «Տաս տարի առաջ դեպք է պատահել, ինձ պատճառել են երկու ծանր մարմնական վնասվածք: Դա ողբերգություն է , քանի որ մարդ կատարել է հանցանք և չի պատժվել: Տարիների ընթացում ողբերգությունը վերածվում է կոմեդիայի: Ամբողջ դատավարությունը կառուցված է Օնիկ Հովհաննիսյանի ցուցմունքների հիման վրա , այն մարդու ով տվել է հինգ տարբեր ցուցմունքեր` էական տարբերություններով»: Դատավորը չթույլատրեց Զադոյանին շարունակելու իր խոսքը` հայտարարելով որ նա դիտորդության հետ կապված չի խոսում, այլ ցուցմունք է տալիս:


Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը, բնականաբար, չհամաձայնեց Զադոյանի պաշտպանի` դատավորին ներկայացված ինքնաբացարկի հետ, պատճառաբանելով, որ միջնորդությունը չպատճառաբանված է:


Տուժողի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանն էլ  իր ելությում Զադոյանի պաշպանի միջնորդությունը համարեց մերժման ենթակա: Ըստ Գրիգորյանի՝ պաշտպանը չի պաշպանում իր ամբաստանյալին և մեղքը գցում է նախագահող դատավորի վրա: Փաստորեն ըստ Կրոմվել Գրիգորյանի Զադոյանի պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը «անհիմն և անկապ» են: Անհասկանալի է միայն, թե այդ երբվանի՞ց են ՀՀ դատական համակարգում փաստերը համարվում անկապ, իսկ միմյանց հակասող ցուցմունքները՝ կապավոր:   «Դատավորը իրավացիորեն գտնվում է իր բարձրության վրա և ղեկավարվել է ճիշտ»,- ինքնագոհ հայտարարեց Կրոմվել Գրիգորյանը:


 

Ինչպես կանխատեսվում էր, հերթական անգամ  Զադոյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց: 


Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն  իր մեքենայում վեճի էր բռնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, ապա իր «Բրաունինգ» տեսակի ատրճանակից ութ անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Հարուցված քրեական գործը ստացավ անսպասելի ընթացք, կրակոցներից վնասվածք ստացած Զադոյանը դարձավ մեղադրյալ, իսկ նախկին ԲՀԿ-ական պատգամավորը ` տուժող:


Խմբագրությունը, տածելով խորին հարգանք  սույն  գործով դատավոր Թաթուլ Պողոսյանի և նրա ազգընտիր գործունեության  նկատմամբ, ևս մեկ անգամ  սրտանց շնորհավորում է նրան՝ նոր շքեղ մեքենա ձեռք բերելու կապակցությամբ:  

Նույն շարքից