Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ վստահ է՝ Գագիկ Ծառուկյանը չէր կարող գույքը ետ պահանջելու հանձնարարական տալ եւ դա աբսուրդ է։ Նա նաև նշել է, որ կուսակցության ներսում կա հայտնի մի «կենդանի», ով իր առջեւ խնդիր է դրել ամեն ինչ անել՝ կուսակցությունը կազմալուծելու համար եւ սույն պերսոնաժը ընդունակ է ամեն ինչի՝ այդ թվում նաեւ Ծառուկյանի անունից հայտարարություններ անելու եւ շարքային կուսակցականներին մոլորության մեջ գցելու։
Հետաքրքիրն այն է, որ լրագրողի այն հարցին, որ համառ տեղեկություններ կան, որ, օրինակ, Աբրահամ Մանուկյանը տարբեր կառույցների եւ ԲՀԿ պատգամավորների համոզում է դուրս գալ կուսակցությունից։ Եւ մասնավոր զրույցներում այդ մարդիկ չեն հերքում, որ իրենց հետ «աշխատում է» հենց Աբրահամ Մանուկյանը։ Ո՞վ է, ուրեմն, նրան նման լիազորություն տվել, Զոհրաբյանը պատասխանեց՝ կրկին կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին՝ չհավատալ որեւէ սադրանքի, որ արվում եւ վստահաբար դեռ արվելու է մի խմբակի կողմից, ովքեր ինչ-ինչ խնդիրներ են ցանկանում լուծել կուսակցության ներսում, ու որքան չեն հաջողում՝ այնքան ավելի են գազազում։ Եթե իրենք բարոյականության գոնե նվազ նշույլ ունենային՝ ապա պետք է հանգիստ թողնեին Ծառուկյանին, այլ ոչ թե, ինչպես դուք եք ասում, Ծառուկյանի անունից տարբեր հայտարարություններ եւ կոչեր անեին։ Այնուհետև հավելեց, որ արժանապատվությունից ցածր է համարում խոսել անգամ նման մարդկանց մասին։
Նաիրա Զոհրաբյանի խոսքերից ամենևին չենք ենթադրում, որ նրա նշած հայտնի «կենդանի»-ին հենց Աբրահամ Մանուկյանն է, ամենևին չենք պնդում, որ հենց վերջինս էր իր խնամի Ներսիկ Նազարյանի հետ հավաքագրում կադրեր ԲՀԿ-ի համար, այսպես ասած, ուժային տարատեսակ ներքին կառույցներ ստեղծելու համար, ինչպես նաև կարծում ենք, որ ոչ նա, ոչ իր խնամին, ընդհանրապես ոչ մի կապ չունի ՀՀ-ում երբևէ տեղի ունեցած որևէ հանցագործության հետ:
Գաղտնիք չէ, որ Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ում միշտ ընկալվել է՝ որպես Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, աջ ձեռք, ինչպես նաև նա իր ամբողջ ռեսուրսները մշտապես օգտագործել է ի բարօրրություն Ծառուկյանի և ԲՀԿ-ի՝ չհետապնդելով որևէ անձնական շահ, դե ինչպե՞ս կարող էին այն կուսակցության անդամները, որոնք միշտ անձնական կարծիքներ ունեին, անձնական շահերի մասին մտածել:
Հետաքրքիր է միայն, թե նման անձնուրացության գինն ո՞վ էր վճարելու Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո: Նվիրյալների ազգանպաստ գործունեության համար ո՞վ էր պատասխան տալու՝ Նաիրա Զոհրաբյա՞նը…
Ինչևէ, կարծում ենք, որ ԲՀԿ-ում ոչ թե հայտնի «կենդանի», այլ մի ամբողջ գազանանոց կա, ովքեր իրենց կյանքն ու ունեցվածը վտանգի տակ դրեցին հանուն Գագիկ Ծառուկյանի՝ չհետապնդելով ոչ մի անձնական շահ, գործելով բացառապես օրենքի սահմաններում, ծառայելով միայն ժողովրդին, և միակ նպատակը նման չար, փիս կուսակցությունը քանդելն էր:
Այնուհետև այդ նույն մարդիկ՝ մտահոգվելով նորից միայն ժողովրդի համար, համոզեցին Գագիկ Ծառուկյանին, խնդրեցին, աղաչեցին, որպեսզի վերջինս համաձայնության գա Սերժ Սարգսյանի հետ, որից հետո էլ այդ նույն «կենդանիները» ստորաբար հայտարարություններ են անում Գագիկ Ծառուկյանի անունից:
ԲՀԿ-ն այսուհետ պետք է շատ զգույշ լինի և իր շարքերում չընդգրկի այնպիսի մարդկանց, ովքեր ի սկզբանե եկել են կուսակցությունը քանդելու համար՝ ավելի լավ է գույք չունենալ, քան թե ուրիշի գույքի հույսով պայքար սկսել:
Մյուս կուսակցություններին ապահովագրելու համար, հետագայում կանդրադառնանք նրան, թե ինչպես, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այդ «կենդանիները» քանդեցին ԲՀԿ-ն:
Շարունակելի