Արդեն մի քանի օր է ռուսական մամուլում քննարկվում է, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ից չի ներկայացել լրագրողների մոտ, ինչպես նաև հետաձգել է մարտի 12-ին Աստանայում կայանալիք հանդիպումը:
Կան մի շարք վարկածներ, որոնցից կներկայացնենք ամենաուշագրավները.
Վարկած 1. Վլադիմիր Պուտինը լուրջ հիվանդ է:
Այս վարկածն առաջ է քաշում ռուսական մամուլը՝ հղում տալով Կրեմլի իրենց աղբյուրներին: Joinfo.ua.-ն էլ փոխանցում է, որ Պուտինն իրոք իրեն լավ չի զգում, սակայն ուժ է գտնում հանդիպումներ անցկացնելու համար:
Աղբյուրը լրատվամիջոցին ասել է, որ ՌԴ նախագահն իրոք առողջական լուրջ խնդիրներ ունի, ուստի փորձում է հնարավորինս քիչ երևալ մարդկանց մոտ, սակայն կարևոր հանդիպումներն անցկացնում է: Աղբյուրի պնդմամբ անգամ նկարներում երևում են, որ նա իրեն լավ չի զգում՝ դա զգացվում է թե նրա նստած դիրքից, թե միմիկայից:
Joinfo.ua- ն զրուցել է նաև Պավել Նուսսի հետ, ով ասել է, որ հնարավոր է Պուտինին և Նեմցովին վերացրել են հատուկ ծառայությունները՝ այդ կերպ պալատական հեղաշրջում իրականացնելով:
“Քննարկենք տարբերակ, որ Պուտինն իրոք լիկվիդացված է՝ ձերբակալվել է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից, ինչի համար նրանք բավականին փաստեր ունեն, սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյոք Նեմցովի սպանությունը կապ չունի Պուտինի անհետացման հետ: Այս վարկածը դիտարկելիս մտածում եմ, որ Նեմցովին սպանելով նրանք վերացրեցին Պուտինից հետո նախագահի ամենահավանական թեկնածուին՛՛,– ասում է Նուսսը:
Արտաքին հետախուզության նախկին պետ, գեներալ Նիկոլայ Մալոմուժն էլ հայտարարել էր, որ ՌԴ նախագահը հիվանդ է, սակայն ոչ մահացու:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Մոսկվայի տեղեկություններով, նա իրոք վերականգնողական փուլ է անցնում.՛՛ Նա աննշան հիվանդություն ունի, կարծում եմ մի քանի օրում կանցնի, և նա նորից եթեր դուրս կգա՝ ապացուցելով, որ ոչինչ էլ չկար, ինչպես հայտարարել է Պեսկովը: Հիվանդություն իրոք կա, սակայն լուրջ չի՛՛:
Վարկած 2.Պուտինը երեխա է ունեցել
Պուտինի ենթադրյալ սիրուհի 32-ամյա սպորտսմենուհի Ալինա Կաբաևան երեխա է ունեցել՝ շվեյցարական Տիչինոյի մասնավոր Սուրբ Աննա հիվանդանոցում: Այս մասին հայտնում է շվեյցարական Neue Zuercher Zeitung –ը` հղում անելով Blick online-ին:
Տիչինոյի Radio RSI-ի փոխանցմամբ Կաբաևան նախապես իր համար երկու հիվանդասենյակ էր ամրագրել: Տեղի բժիշկների փոխանցմամբ վերջին օրերին հիվանդանոցում բժշկական անձնակազմը բավականին զինվել է: Լրագրողների փոխանցմամբ, Կաբաևան պարբերաբար այցելել է Սուրբ Աննա հիվանդանոցի բժշկին, իսկ մի քանի ամիս առաջ էլ նրան հղի վիճակում տեսնողներ են եղել: Սակայն այս վարկածն ապացուցող որևէ փաստ այդպես էլ չեղավ:
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքեց այս լուրը՝ հայտարարելով, որ Վլադիմիր Պուտինի՝ երեխա ունենալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:
Վարկած 3. Պուտինը մահացել է.
Ռուսական մեկ այլ լրատվամիջոց էլ գրում է, որ Կրեմլի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Պուտինը մահացել է, սակայն մի քանի ժամ անց տեղեկությունը ջնջել են կայքից: Կայքը չէին կոտրել: Հաստատվեց այն տեղեկությունը, որ Պուտինը մահացել է:
Պաշտոնական պատճառը՝ ողնաշարի քաղցկեղն է: Այս հիվանդությունը հիմնականում առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են երիտասարդացնող պլաստիկ վիրահատությունները: Այն, որ Պուտինը պլաստիկ վիրաբուժության սիրահար է, գիտեն բոլորը: Սակայն սա պաշտոնական վարկածն է:
Շոյգույի ռազմական խունտան
Մյուս վարկածի համաձայն Պուտինին ուղղակի սպանել են՝ զինվորական հեղաշրջման արդյունքում: Այս պահին իշխանությունը գտնվում է ռուսների կողմից այդքան սիրված զինվորականների ձեռքում:
Այն, որ Մոսկվայում հեղաշրջում է տեղի ունեցել, հիմնավորում են նաև ականատեսները, ովքեր օդում բավականին անսովոր ակտիվություն են նկատել:
Նկատվել է զինվորական ուղղաթիռների վայրեջք կառավարության շենքի վրա, Կրեմլում, Մոսկվայի կենտրոնում, հենց փողոցում վայրեջք է կատարել նախագահի հատուկ կապի ծառայության ուղղաթիռը:
Մի քանի МИ-8 վայրեջք է կատարել ԱԱԾ-ի շենքի վրա:
Տեղեկություններ են ստացվել նաև քաղաքի վերևում ռազմական ուղղաթիռներ՝ Ка-26 և Ка-52 ֆիքսելու մասին: Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է Մոսկվայի երկնքում հայտնվել К-52 հարձակողական ուղղաթիռը:
Իրավահաջորդը Մեդվեդևն է
Մյուս վարկածի համաձայն էլ այժմ իշխանությունը գտնվում է Մեդվեդևի ձեռքում՝ այդ թվում զինված ուժերի ղեկավարումը, ուստի հենց այդ պատճառով էլ Մոսկվա են բերվում ռազմական ուժեր:
Ի դեպ, Մեդվեդևը նույնպես անհետացել է՝ ինչպես Պուտինը:
Չնայած ասում են նաև, որ Մեդվեդևն ուղղակի փախել է, քանզի առանց Պուտինի նա որևէ բան չի կարող անել:
Մարտի 12-ին բազմաթիվ ականատեսներ հայտնել են, որ Մոսկվայի կենտրոնում ռազմական ուղղաթիռների երբևէ չնկատված թռիչքային ակտիվություն են տեսել: Այս մասին գրում Vlasti.net-ը:
Վարկած 4. Պուտինն իսլամ է ընդունել
Gezitter.org –ը գրում է, որ իբր թե "Интерфакс"-ը հաստատել է "Լայֆնյուզի" այն հրապարակումը, որի համաձայն Վլադիմիր Պուտինն իսլամ է ընդունել:
Պեսկովն իբր ասել է, որ Պուտինը երբեք րոպեական որոշումներ չի ընդունում, և ինքն էլ է սկսվել հետաքրքրվել Ղուրանով:
Կայքի տեղեկություններով Ռուսական ուղղափառ եկեղեցու հասարակայնության հետ կապերի վարչության պետն էլ ասել է, որ պատրիարքը հիվանդ է, սակայն խնդրել է փոխանցել, որ ըմբռնումով է մոտենում նախագահի հոգևոր ընտրությանը:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն էլ իր Թվիթերյան էջում գրել է, որ երբեք այդքան երջանիկ չի եղել, և հույս է հայտնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ջիհադ կհայտարարի բոլոր անհավատներին և մունաֆիկներին: ԱԳՆ ղեկավար Լավրովն էլ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ շուտով Մոսկվա կժամանի մեծ պատվիրակություն Իսլամական պետությունից:
Ահա թե ինչպիսի հետաքրքրաշարժ և անգամ ֆանտաստիկ ժանրից վարկածներ են պտտվում մամուլում՝ Վլադիմիր Պուտինի ընդամենը մի քանի օր եթերում չերևալու արդյունքում: Թե որքանով են այս վարկածներից որևէ մեկը ճշմարտությանը համապատասխանում, չափազանց դժվար է ասել: