Վերլուծական 

Ինչպե՞ս ազդեց ԲՀԿ-ի հետընթացը ՀՀ տնտեսության վրա

Այն, որ ԲՀԿ-ն ստեղծվելուց ի վեր իր  գործունեության հիմքում դրել էր հենց ֆինանսական ռեսուրսները, երևի թե չի զարմացնի որևէ մեկին: Իհարկե, ցանկություն չկա ասելու, որ ԲՀԿ-ն չուներ քաղաքական գաղափարախոսություն, կոնկրետ քաղաքական նպատակներ, կոնկրետ ծրագրեր և այսպես շարունակ: Գուցեև ուներ, ուղղակի  մոտեցո՞ւմն էր մի փոքր այլ:



Մինչ մնացած մանր ու միջին կուսակցությունները շրջանից շրջան հավաքներ կազմակերպելով գաղափարախոսություն էին քարոզում, ԲՀԿ-ն այդ շրջանի բնակիչների խնդիրներն էր լուծում:

 


Ըստ ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարությունների՝ ԲՀԿ-ն ուներ մոտ 600 000 անդամ: Իրական անդամների թիվն իմանալու համար մեղմ վերաբերվենք և հանենք 30%-ին, կմնա 420 000 անդամ: Համարենք, որ ԲՀԿ-ն իրականում ուներ այդքան անդամ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, բազմաթիվ մարդիկ ԲՀԿ-ից ամեն ամիս, ոմանք ժամանակ առ ժամանակ գումարներ են ստացել զուտ այն բանի համար, որ ԲՀԿ անդամ են, ոմանց համար էլ հարցեր են լուծվել, ծախսեր հոգացել և այսպես շարունակ:

 


Այսպիսով՝ ստացվում է, որ ԲՀԿ-ն կոնկրետ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա՝ հոգալաով մի շարք մարդկանց ֆինանսական խնդիրները:  Սրան էլ գումարում ենք այն բոլոր ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և այլ կազմակերպություններին, որոնք աշխատում էին ԲՀԿ-ի համար և արդյունքում մոտ 200 000 մարդ ապրել է ԲՀԿ-ի  փողերով: ԲՀԿ անդամ գործարարներից ամեն մեկն իր թիմն ուներ, որոնք որպես կանոն աշխատավարձ էին ստանում կուսակցությանը մատուցած ծառայությունների համար:  

 


Առաջին հայացքից նորմալ է՝ մարդիկ բարգավաճում էին, հենց այնպես ֆինանսական եկամուտներ ստանում:

 


Իրականում ԲՀԿ-ի նման մոտեցման արդյունքում Հայաստանում ձևավորվեց պրակտիկի, երբ բազմաթիվ մարդիկ սովորեցին այս վիճակին՝ այսինքն խնդիր ունեն, դիմում են գրում Ծառուկյանին, նշում ընտանիքում քանի անդամ ունեն, լուծում իրենց խնդիրը և շարունակում ապրել: Հետագայում նորից խնդիր ունեցան՝ նույն մեխանիզմով: ՀՀ քաղաքացիների մի զգալի հատված բառիս բուն իմաստով պահվում էր ԲՀԿ-ի կողմից, հիմա հասկանանք, թե ինչո՞վ էր դա վատ տնտեսության համար.


Մարդիկ սովորեցին գումարներ ստանալ բացառապես կուսակցությանը մատուցած բազմաբնույթ ծառայությունների համար:


Ստեղծվեց հիվանդ մթնոլորտ, երբ խնդիրները ոչ թե լուծվում էին արմատապես, այլ տրվում էր րոպեական լուծում՝ ընտրություններ են՝ նվիրում ենք տեխնիկա՝ առանց հաշվի առնելու, որ այդ տեխնիկան պահելու միջոցներ հետագայում չի լինելու:


Ընտանիքում աղքատ վիճակ է՝ գումար էր տրվում և այսպես շարունակ:


Կարելի է բարի հայացքով նայել  և ասել՝ ինչպիսի մեծահոգություն, մե հրաշք կուսակցություն, բայց տնտեսական առումով դա լուրջ վնաս է տալիս, քանզի հասարակության մի զգալի հատված սկսում է ոչ թե բարիքներ ստեղծել, այլ  ուղղակի գոյատևել:

 


Մարդիկ կորցրեցին աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը՝ ինչի՞ աշխատեն, եթե ուղղակի կարող էին դիմում գրել և իրենց հարցերը լուծել, ինչի՞ ինչ-որ բան ստեղծեն, մտածեն,եթե կարող են գալ ցույցերի ժամանակ արևածաղիկ չրթել ու իրենց օրեկան աշխատավարձը վերցնել:

 


Այս ամբողջ տարիների ընթացքում ԲՀԿ-ն բազմահազար երիտասարդների կոպեկներով աշխատացրեց՝ հույսեր տալով, որ հետագայում նրանց պաշտոններ են տրվելու, այդ երիտասարդների մեծ մասն արդեն կանգնած է արտագաղթի շեմին, քանզի նրանց աշխատանքը մարդ բերելն է եղել ԲՀԿ հավաքներին, ժողովներին…, այլ բան նրանք ուղղակի ի վիճակի չեն անել՝ ժամանակ չեն ունեցել որևէ գործի մեջ մասնագիտանալու համար:

 


Նման պայմաններում, կարելի է ասել, որ ԲՀԿ-ի ձևափոխումից հետո ՀՀ տնտեսությունը կկրի որոշակի վնասներ, քանզի զգալի թվով մարդիկ ուղղակի անգործ կմնան, ինչն էլ իր հերթին կանդրադառնա գնողունակության աստիճանի վրա և այսպես շարունակ, սակայն որոշ ժամանակ անց երկրում կստեղծվի շատ ավելի դրական վիճակ: Մարդիկ կսկսեն հասկանալ, որ պետք է բարիքներ ստեղծեն, աշխատեն, այլ ոչ թե գումարներ վաստակեն այս կամ այն կուսակցությանը սպասարկելով:

 


Բազմահազարավոր մարդիկ կսկսեն օգտագործել իրենց պոտենցիալը՝ մասնագիտություն ձեռք բերել, աշխատել, որովհետև առանց դրա այլևս չեն կարող ուղղակի գոյատևել, չկա այլևս Ծառուկյանը, ում կարելի էր դիմում գրել և թևերը թափ տալով սպասել, թե երբ է ժամանակն անցնելու, որ նորից դիմում գրեն:


Մարդիկ կսկսեն սեփական աշխատանքով կայանալ՝ առանց կախման մեջ ընկնելու քաղաքական ուժերից, ինչի արդյունքում ընտրությունների ժամանակ ձայն կտան սեփական կողմնորոշմանը համապատասխան, որն էլ չի ձևավորվի փողի հիման վրա:

 


Եզրափակելով կարելի է ասել, որ ԲՀԿ-ի՝ որպես քաղաքական ուժի, վերաձևավորումը կտա կարճաժամկետ վնասներ, որոնց մասին վերևում խոսվեց, սակայն այդ անցումային փուլից հետո այն կունենա իր կայուն դրական ազդեցությունը թե մարդկանց մտածելակերպի, թե առհասարակ երկրի տնտեսական վիճակի վրա:

 


ԲՀԿ-ի ձևափոխման արդյունքում ՀՀ քաղաքական ոլորտի կրած կորուստների և ունեցած ձեռքբերումների մասին հաջորդիվ:

Նույն շարքից