Վերլուծական 

Ինչը՞ ստիպեց Ծգլին, Տլեյին և Գաստիկին ինքնակամ ներկայանալ ոստիկանություն

analitik.am

Ինչպես գիտենք, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):



Բոլորին հուզում է այն, թե ինչպե՞ս ստացվեց, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները ինքնակամ ներկայացան ոստիկանություն:


Երրորդմասցի Լյովիկի և վերջինիս ընկերների սպանությունը, ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող փողոցային  կրակոցները և հանցագործ աշխարհի ակտիվությունը հայկական իրականության համար  նորություն էր: Ոչ թե այն իմաստով, որ նման դեպքեր նախկինում տեղի չէին ունենում, ոչ, ուղղակի հանցագործությունների ոճն էր տարբեր: Այնպիսի տպավորություն էր, որ հանցագործ աշխարհը թևեր էր առել կամ ուզում էր այդպես մտածել:

                                                                                  


Հաշվի առնելով այն փաստը, որ Երրորդմասցի Լյովիկի անունը կապվում էր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, միանգամայն բնական էր, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են հանցագործությունը բացահայտելու  համար: Մյուս  կողմից բավականին ծանրակշիռ էր նաև այն, որ Լյովիկը գող Պզոյի հորեղբոր որդին էր, ինչը նշանակում է, որ այս հանցագործության բացահայտման և հանցագործներին պատժելու համար աշխատելու էին ոչ միայն իրավապահ մարմինները, այլ նաև հանցագործ աշխարհի որոշ  հատվածը:



Մեղադրյալների ինքնակամ ոստիկանության հանձնվելը պայմանավորված էր հետևյալ  փաստերով՝



  • Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ ջանքերի արդյունքում հանցագործ աշխարհը հայտնվել էր այսպես ասած բլոկադայի մեջ՝ այսինքն  բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին որևէ կերպ առնչություն ունենալ հավանական հանցագործների հետ գտնվում էին ոստիկանության և ԱԱԾ-ի  խստագույն ուշադրության ներքո: Վերոնշյալը հաստատելու համար բավարար է միայն նշել մի այն, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս ընթացքում ոստիկանություն և ԱԱԾ է տարվել մոտ 1000 մարդ, իրականացվել են բազմաթիվ հետախուզություններ և բացահայտվել մեղադրյալների հետ թեկուզ աննշան կապ ունեցող անձիք:


  • Առաջին փաստից հետևում է այն, որ  Ծգլը, Տլեն և  Գաստիկը փաստացի գնալու տեղ չունեին՝ բոլոր հնարավոր տեղերը, որտեղ նրանք կարող էին թաքնվել,  գտնվում էր ոստիկանության և ԱԱԾ-ի հսկողության ներքո: Հանցագործ աշխարհի իրենց ընկերների օգնությունը նույնպես չէին կարող ակնկալել՝  յուրաքանչյուրը, ով կփորձեր օգնել իրենց,  կարող էր հանգիստ համարվել նրանց հանցակիցը, ինչի համար էլ նրանք ուղղակի չէին կարող վտանգել այլ մարդկանց ճակատագիրը, և մյուս կողմից՝  նրանք չէին կարող վստահ լինել, որ օգնություն տրամադրողը կապ չունի ոստիկանության կամ ԱԱԾ-ի հետ կամ էլ հանցագործ աշխարհի այն թևի հետ, ովքեր նույնպես տարված էին իրենց որոնումներով:



  • Եվ վերջապես՝ այս հանցագործության բացահայտումը, ինչպես նշեցինք,  մտահոգում էր ՀՀ  բարձրաստիճան այրերին, ուստիև ոստիկանությունն ԱԱԾ-ի հետ միասին ուղղակի տեռորի ենթարկեց հանցագործ աշխարհին, անգամ որոշ օրենքով գողեր լքեցին Հայաստանը,  ոմանք էլ  այս գործի նկատմամբ  բացարձակապես չեզոք վերաբերմունք դրսևորեցին : 


 

 

Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող անձանց հետագա ճակատագիրը պարզ կլինի արդեն հետաքննության ընթացքում, մինչ այդ կարելի է միայն ասել, որ ՀՀ իրավապահ մարմինները՝ ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն,  ուղղակի ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ինչքան էլ հզոր լինի հանցագործ աշխարհը, պետությունից հզոր պետության ներսում ոչինչ չի կարող լինել:

 



Կարևոր էր նաև այն,  որ Երրորդմասցի Լյովիկի գործի բացահայտման շրջանակներում բացահայտվեցին հանցագործ աշխարհի հետ  անգամ թեթևակի կապ ունեցող բոլոր անձիք:  Արդյունքում հանցագործ աշխարհը, եթե նախկինում  կարող էր դեռևս չբացահայտված որոշակի բեկորներ ունենար, այժմ ամբողջովին բացահայտված է:   ՀՀ ոստիկանությունն ԱԱԾ-ի հետ միասին ուղղակի մանրադիտակով սանրեցին այդ ոլորտը՝ բացահայտելով բոլոր հնարավոր կապերը, ինչը հնարավորություն կտա հետագայում շատ ավելի արդյունավետորեն կանխել  կամ բացահայտել այլ հանցագործություններ:

 



Ինչևէ, Երրորդմասցի Լյովիկի սպանության գործը դեռևս բացահայտման փուլում է, ուստի կարծում ենք՝ դեռ բավականին հետաքրքիր մանրամասներ կպարզվեն, իսկ մեզ մնում է մեր իրավապահ մարմիններին  արդյունավետ  ծառայություն մաղթել: 

Նույն շարքից