Վերլուծական 

Ո՞վ «պոդստավկա » արեց ՀՀԿ կանանց

Երկու օր է համացանցը ողողված է ՀՀԿ կանանց կազմակերպած դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր  երթի լուսանկարներով, որտեղ երևում է, որ կանայք երթի  ժամանակ  ժպտում են, ինչից ենթադրվում է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված երթին  անլուրջ մոտեցում են ցուցաբերել։



Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հրապարակված լուսանկարներն ունեն բավական հետաքրքիր նախապատմություն։ Այդ լուսանկարներում առկա է մի օրինաչափություն՝ հրապարակված լուսանկարներում պրակտիկորեն  բացակայում է  ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը։ Դա առավել քան տարօրինակ է, քանզի օրիորդ Արփինեն երթի  ընթացքում գտնվել է առաջին շարքերում։

 


 Այս պատմության գլխավոր ինտրիգը նրանում է, թե ինչպե՞ս է լրագրողի  ֆոտոխցիկը հմտորեն շրջանցել  օրիորդ Արփինեին։  Բանն այն է, որ ՀՀԿ կանանց խորհրդի  նախագահի պաշտոնի համար արդեն ամիսներ շարունակ  հավակնություններ է  ներկայացնում ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ Արփինեի հավակնությունները լրատվական դաշտին վաղուց  են հայտնի և լայն քննարկման առարկա են։

 


Ինչ վերաբերում է չարաբաստիկ լուսանկարներին, ապա լրագրողական  շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որոնց համաձայն օրիորդ Արփինեն նախապես տեղյակ է եղել, որ  երթի օրը ԶԼՄ-ները փորձելու են հայթհայթել ՀՀԿ կանանց ժպտացող կադրեր։ Ավելին՝ հենց  օրիորդ Արփինեն է այդ միտքը տվել ԶԼՄ-ներից որոշներին։

 


Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ irakan.info կայքը գտնվում է Արփինե Հովհաննիսյանի անմիջական ազդեցության և վերահսկողության տակ։ Կայքի հիմնադիրներն ու լրագրողներն էլ  նրա նախկին ուսանողներն են։ Հիշեցնենք, որ irakan.info-ն լայն հասարակությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը միայնակ պայքարում էր ԱԺ-ում այդ կայքի հավատարմագրման համար։ Իսկ հավատարմագրում չտրամադրելու դեպքում օրիորդ Հովհաննիսյանը սպառնում էր ամեն օր անհատական անցագրով ԱԺ-ի շենք մտցնել irakan.info-յի լրագրողներին։ Եվ ահա  «պատահական զուգադիպությամբ»   այնպես է ստացվում, որ երկու օր է  irakan.info կայքի գլխավոր լուրն է ՀՀԿ կանանց մասին նյութը, որը կարծես ավետում է Հերմինե Նաղդալյանի ֆիասկոն, իսկ լուսանկարների շարքն էլ  ներկայացվում է , իհարկե,  էլի առանց Արփինե Հովհաննիսյանի լուսանկարի։

 


Հաշվարկը շատ պարզ էր՝ թուլացնել ՀՀԿ կանանց խորհրդի գործող նախագահ Հերմինե Նաղդալյանի դիրքերը կուսակցության ներսում։ Մեր տեղեկություններով, երթն  անցել է առանց որևէ արտառոց միջադեպերի,  իսկ հրապարակված լուսանկարներով փորձել են ստեղծել տպավորություն, որ ամբողջ ընթացքում տիրել է ուրախ և զվարթ մթնոլորտ, իսկ իրականությունն ինչ-որ տեղ մեջտեղում է։


Մենք բնականաբար չենք ուզում ստանձնել ՀՀԿ կանանց պաշտպանի դերը, բայց ճշմարտությունը հասարակությունը պետք է իմանա։

 


Ի դեպ, լուսանկարների հրապարակումից հետո հասարակական կազմակերպություններից մեկը տարածեց մի հաղորդագրություն, որով մեղադրում էր հանրապետականներին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ փուչիկներով այցելության և սելֆիներ անելու մեջ։ Սելֆին որպես քաղաքական հայտարարությունների կատեգորիա, ինչպես հիշում եք, ներմուծեց Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ համագումարի ժամանակ մեղադրելով ՀՀ նախկին վարչապետին Օբամայի հետ սելֆիներ անելու մեջ։ Հետաքրքիր զուգատիպությամբ այս ՀԿ-ն կրկնում է Նաիրա Զոհրաբյանի լեքսիկոնը, և սա այն ֆոնին, երբ տիկին Զոհրաբյանը վերջերս տված իր հարցազրույցում անթաքույց հիացմունք է հայտնել  Արփինե Հովհաննիսյանի  քաղաքական ապագայի նկատմամբ։  

 


Ինչ վերաբերում է  փուչիկների հանգամանքին, ապա այս դետալը  հորինվում է իրավիճակին հավելյալ  կոմիզմ հաղորդելու նպատակով։

 

 

Վերոնշյալ հասարակական կազմակերպությանը, հիմնադիրներին և վերջիններիս գործունեությանը, ինչպես նաև Արփինե Հովհաննիսյան-Նաիրա Զոհրաբյան տանդեմին կանդրադառնանք հաջորդիվ, ուղղակի հիշեցման կարգով նշենք, որ «Մեր քաղաքը»  ՀԿ-ի հիմնադիր Անահիտ Թարխանյանը նույն այն Անահիտ Թարխանյանն է, ով ժամանակին  իրականացրեց ԱԺ դահլիճի վերանորոգման և ձևավորման  բազմամիլիոնանոց պետական պատվերը։

 


 

Նման մանր-մունր ինտրիգները վարկաբեկում են ՀՀԿ-ի անունից կազմակերպված միջոցառումները և օբյեկտիվ խոսակցությունների առիթ  տալիս Ժիրայր Սեֆիլյանի՝ Ապրիլ 24-յան ծրագրերի կողմնակիցներին։


Հ․Գ․ Բոլոր այն ՀՀԿ-ական կանայք, ում այս ընթացքում սոցցանցերում վիրավորել են, կարող են «շնորհակալություն հայտնել»   Արփինե Հովհաննիսյանին։

 

 

Նույն շարքից