Ինչպես արդեն նշել էինք նախորդ նյութում, ֆինանսական բուրգի գործով մեղադրող դատախազը գործով միակ ամբաստանյալի համար պահանջեց 14 տարի ազատազրկում: Նշեցինք նաև, որ խարդախության համար նման խիստ պատիժ դատախազությունը դեռևս չէր պահանջել:
Ակնհայտ է, որ ՀՀ դատախազությունը նման պատիժ պահանջելուց վերջին հնարավորությունն է տվել ամբաստանյալ Ա. Անդրեասյանին, որպեսզի վերջինս վերջապես պատմի իրականությունը ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների կողմից այս գործում մասնակցության և գումարների յուրացման մասին: Ի դեպ, ամբողջ դատաքննության ընթացքում կարմիր թելով հստակ երևում էր , որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց հարազատները անմաս չեն տուժողների գումարների յուրացման գործում: Համենայնդեպս, դատաքննության ընթացքում ակնհայտ երևաց, որ տուժողների գումարներից մոտ 400.000 ԱՄՆ դոլարը Կարեն Բաբակեխյանի մոտ է, իսկ 350 000 ԱՄՆ դոլարը՝ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի աշխատակից Մուշեղ Սաֆարյանի: Սակայն, ամբաստանյալը դատարանում ընդունեց , որ այս գումարները իրոք իրենց մոտ են, սակայն հրաժարվեց դրանք պահանջել՝ մեկնաբանելով , որ երբ դուրս գա, այն ժամանակ էլ կպահանջի:
Հավանաբար ամբաստանյալն իր գեներալ հովոնավորներով վստահ էր, որ մի երկու տարուց դուրս կգա և իր գործընկերներն ամբողջ բուրգ օպերացիայից իր բաժնեմասը կտան, ինքն էլ հանգիստ կվայելի իր կյանքը ինչ-որ մի տեղ Կանարյան կղզիներում: Սակայն դատախազի պահանջած 14 տարին խառնեց ամբաստանյալի և իր հովանավորների խաղաքարտերը: Ա.Անդրեասյանը հստակ հասկանալով , որ իր առողջական վիճակով 14 տարին հավասարազոր է ցմահ ազատազրկման , որոշել է ըմբոստանալ: Ըստ նրա ընտանիքի մոտ կանգնած աղբյուրների, վերջինս պահանջում է իր գործընկեր ոստիկանության նախկին բարձրաստիճանն պաշտոնյաներից և նրանց հարազատներից ազատել իրեն, կամ գոնե խոստացված պատժաչափը ապահովել, որի վրա պիտի տարածվի համաներումը և նա դուրս գա ազատազրկման վայրից, հակառակ դեպքում սպառնում է դատարանում պատմել իրականությունը: Ըստ աղբյուրի՝ նախկին գործընկերներ Ա.Անդրեասյանի և նրա հովանավորների միջև հարաբերությունները այն աստիճան են սրվել, որ վերջիններս դիմել են հանցագործ աշխարհին՝Ա. Անդրեասյանին լռեցնելու խնդրանքով:
Այս համատեքստում լիովին տրամաբանական է դառնում Ներսես Նազարյանի և նրա որդու մեկնումը ԱՄՆ` մշտական բնակության նպատակով, ինչպես նաև Կարեն Բաբակեխյանի ընդմիշտ Տանզանիա տեղափոխվելը՝ աֆրիկյան Տանզանիայում ուսումնասիրություններ կատարելու համար: Թե ինչպես կզարգանան հետագա իիրադարձությունները, կխոսի արդյոք Ա.Անդրեասյանը, թե նրան կլռեցնեն, ցույց կտա ժամանակը