Արաբկիր և Քանաքեռ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում մեկնարկեց մեր անզուգական ՛՛տրեխներով տղայի՛՛ դեմ հարուցված հայցի դատաքննությունը: Մուշեղ Սաֆարյանը նիստին ներկայացել էր ոչ թե փաստաբանի ,այլ իրավախորհրդատուի հետ՝ համենայն դեպս այդպես ներկայացավ նրա հետ եկած անձնավորությունը:
Փաստորեն, ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալը քաղհայցով իրավախորհրդականի կարի՞ք ունի: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչպե՞ս է աշխատում և ունեցվածք կուտակում, չնայած նախորդ նյութում նշել էինք, որ վերջինս որ տարածաշրջան ՎՊ-ի կողմից ստուգման է գնացել, տրեխները տեսել ու մի գույք են տվել:
Հայցվոր Գ. Մեհրաբյանը հայցը պնդեց, ըստ հայցվորի Մ.Սաֆարյանը ավազահանքի բաժնեմասը վաճառելուց նոտարով ստանձնել է հարկային վճարների կատարման պարտավորությունը, իսկ այժմ հրաժարվում է կատարել դրանք: Ի պատասխան ՛՛կախարդական տրեխներով՛՛ տղան հակադրվեց, որ իրենք բանավոր կերպով հետագայում պայմանավորվել են, որ ինքը վճարելու ոչինչ չունի: Այնուհետև հայտարարեց, որ ինքը խարդախության զոհ է և այդ գործարքից իր 300.000 ԱՄՆ դոլարը չի ստացել, բայց պահանջում է ընդամենը 25.000 ՀՀ դրամ:
Այս հայտարարությունը զարմացրեց նաև դատավոր Ս.Թադևոսյանին: Իրականում Մ.Սաֆարյանի ասածն ուներ մի իմաստ: Փաստորեն՝ ըստ նրա, եթե դու ծնունդով Ղարաբաղից ես, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի աշխատակից, ապա կարող ես գույք վաճառել , ստանալ այդ գույքի արժեքը, բայց ըստ տեղեկությունների, խաղատանը պարտվելուց հետո հետ պահանջել այդ գույքը`առանց վճարումը հետ վերադարձնելու :
Այսքանից հետո, եթե հանկարծ ինչ-որ մեկը փորձում է ընդվզել այդ ամենի դեպ, ապա ինքը խարդախության զոհ է: Հետո էլ կասեն, թե ինչում են դնում հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը : Իսկ ի՞նչ ասի այս պահին հանքի նոր սեփականատերը, երբ մեր ՛՛տրեխներով տղան՛՛ իր ՛՛ճշմարտացիությունը՛՛ առաջ տանելու համար ամեն երկրորդ բառը նշում է, որ ինքը ղարաբաղցի է, վերահսկիչ պալատի աշխատակից, իսկ աներն էլ՝ պատգամավոր:
Դատական նիստի ընթացքում հայցվող Գ.Մեհրաբյանը հայտարարեց, որ Մ.Սաֆարյանի ապօրինի գործողությունների հետ կապված արդեն իսկ հաղորդում է տվել Գլխավոր դատախազին, դիմում է հղել ՀՀ նախագահին և ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Ըստ Գ.Մեհրաբյանի հաղորդման, Մ.Սաֆարյանի արարքում ակնհայտ է խարդախության փորձ, հարկերից խուսափում և յուրացում:
Շարունակելի