Ինչպես նշել էինք մեր նախորդ նյութում «Յունիբանկի» սեփականատեր Գագիկ Զաքարյանը հերթական ֆինանսական օպերացիան է փորձում իրականացնել: Սակայն այս անգամ արդեն Կիպրոսից և Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան: Բոլորին է հայտնի ,որ ՀՀ Կենտրոնական Բանկը բարձրացրել է ՀՀ-ում գործող Բանկերի կապիտալի շեմը ,և շատ քիչ բանկեր մինչև 2017 թվականը կարող են այն լրացնել, ուստի, ամենայն հավանականությամբ, շեմը չհաղթահարած բանկերը կզրկվեն բանկային լիցենզիայից:
Այդ խնդրի առջև է կանգնած նաև Գ.Զաքարյանի սեփականություն հանդիսացող «Յունիբանկը» ,որը այս պահին գտնվում է կոնկրետ հոգևարքի մեջ։ Դրա մասին են վկայում վերջինիս կողմից ամեն գնով բնակչությունից գումար հավաքելու նպատակով կատարվող ագրեսիվ գովազդը,վարկերի չտրամադրումը և դեռևս նախկինում տված վարկերի անհուսալիությունը:
Այդպիսի չվերադարձվող անհուսալի վարկերից մեկն էլ հենց «Հին Երևան» հոլդինգին տրամադրված վարկն է,որի անհուսալիության շուրջ արդեն 3 տարի է ընթանում են քրեական և քաղաքացիական գործեր,իսկ վարկի գումարն արդեն անցել է 8.000.000 ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Փաստացի թղթի վրա այդ ութ միլիոնը կա, բանկի հաշվեկշռում արտացոլված է, բայց այսպես ասած ֆիզիկապես այդ գումարը չկա և չի էլ լինի: Այս ամենով անհանգստացած Գագիկ Զաքարյանը և նրա գործընկեր Գրիգորի Պեսկովը որոշել են հավելյալ գումարներ ստեղծելու և բանկը փրկելու համար կյանքի կոչել հերթական ֆինանսական օդանավը`«Ամիրյան Պալաս» անվամբ:
Այս կառույցը գտնվում է Ամիրյան 2 հասցեում, պատկանում է Գագիկ Զաքարյանին և շուրջ 7 տարի է չի կառուցվում, չնայած որ Երևանի քաղաքապետարանը բազմիցս զգուշացրել է կառույցն ավարտին հասցնելու մասին, որովհետև այն իր անավարտ լինելու պատճառով ապականում է մայրաքաղաքի կենտրոնի ամբողջ տեսքը։
Զարմանալին այն է,որ իրեն ֆինանսական մոնստրի տեղ դրած, թղթի վրա նկարած թվերով բարգավաճած և այդ ամենի շնորհիվ աստղաբաշխական տոկոսներով ավանդ վերցնող «Յունիբանկը» մի շենք անգամ չի կարողանում կառուցել և, ըստ լուրերի, Երևանի Քաղաքապետարանը կոնկրետ ժամանակ է նշել այն ավարտին հասցնելու համար,հակառակ դեպքում կգործեն «Յունիբանկի» սիրած տւյժ և տուգանքները,բայց այս անգամ կկիրառվեն իրենց նկատմամբ, իսկ վերջում էլ «Ամիրյան Պալասը» կբռնագանձվի:
Այս ամենից խուսափելու համար գործընկերներ Գագիկ Զաքարյանը և Գրիգորի Պեսկովը արտերկրից ներդրող են գտել,վերջինիս ներկայացրել են «Ամիրյան Պալասի» արտակարգ հեռանկարները, գործարքի հիմքում դրել են նաև Գագիկ Զաքարյանի բարձր «հեղինակությունը» ՀՀ -ում,նրա հարցեր «լուծելու» կարողությունը և այլն:
Սակայն պարզվում է,որ այս զույգի «հեղինակությունը» ոչ միայն Հայաստանում է կասկածներ հարուցում, այլև արտերկրում՝ մասնավորապես մառախլապատ ալբիոնում `Լոնդոնում: Ներդրողները, գործընկերներ Գագիկ Զաքարյանի և Գրիգորի Պեսկովի հեքիաթները լսելուց հետո,դիմել են հեղինակավոր ALACO կազմակերպությանը,որպեսզի վերջինս պարզի իրենց ներկայացված հեքիաթների իսկությունը։ Ընկերությունն արդեն ամսից ավել է ակտիվ գործունություն է սկսել այդ առումով:
Ավելացնենք նաև ,որ ALACO կազմակերպությունը համաշխարհային հեղինակություն և ճանաչում ունեցող կազմակերպություն է,որը զբաղվում է ներդրումային ռիսկերի հաշվարկման գործով և նրանց տրված եզրակացությունը ցանկացած նախագծի իրականացման համար ընդունած վերջնական որոշման հիմք է հանդիսանում: Այս առումով հետագա զարգացումներին կանրադառնանք առաջիկայում։