Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մեկնել են Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու հայ-ֆրանսիական միացյալ նվագախմբի համերգին: Մասնավորապես, երաժշտական դպրոցի սաներն իրենց երաժշտական ունակություններն ու հմտությունները մատուցելու հնարավորություն են ունեցել դիրիժոր Ֆիլիպ Էրվեի ղեկավարությամբ՝ Պլենսի Ռոբինսոնի փողային նվագախմբի հետ կայացած համերգում: Ֆ. Էրվեն նաև փողային նվագախմբի 4-օրյա դասընթացներ է անցկացրել Հայաստանից ժամանած երեխաների համար: Երևանի քույր քաղաքում գտնվելու ընթացքում հայ երեխաները հանդիպել են նաև տեղի երաժշտական դպրոցի իրենց հասակակիցների հետ:
Նշենք, որ այցը կազմակերպվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի և Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պլեսի Ռոբինսոնի և Արաբկիր վարչական շրջանի միջև մշակութային ու կրթական ոլորտների համագործակցությունը խթանելու նպատակով: