Առողջապահություն 

Հեշտացվել է Հայաստանում օտարերկրյա բժիշկների մասնագիտական գործունեության թույլտվության գործընթացը

analitik.am

Հայաստանի Հանրապետության անկախացումից անմիջապես հետո շատ երկրների բժշկագիտական կառույցներ, մասնավոր հիվանդանոցներ և առանձին մասնագետներ սկսեցին համագործակցել առողջապահական մեր կառույցների հետ։ Արդյունքում մեր երկրում ներդրվում էին նորագույն սարքավորումներ, բուժման ժամանակակից մեթոդներ։

Սակայն դաշտի իրավական կարգավորման բացակայության պատճառով եղան նաև ռիսկեր։ Երբեմն տեղի բժշկական կազմակերպությունների կամ անհատների հրավերով Հայաստանում մասնագիտական բժշկական գործունեություն էին իրականացնում բժիշկներ, ովքեր իրենց երկրում զրկված էին այդ իրավունքից:

2015 թվականին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով այս ոլորտը կարգավորելու իրավական հիմք ստեղծվեց և ՀՀ կառավարությունը հստակ գործընթաց ամրագրեց, որի համաձայն առողջապահության նախարարությունը հսկողություն էր սահմանում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության իրականացման վրա և տրամադրում համապատասխան թույլտվություն:

Կազմակերպություններն օտարերկրացի մասնագետին Հայաստան հրավիրելու և նրա կողմից մասնագտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալ համար նախարարություն հայտ էին ներկայացնում։ Դրանում ներառված ոչ փոքրաթիվ փաստաթղթերով գնահատվում էր հրավիրվող մասնագետի որակավորումը, հրավիրող կազմակերպությունում առկա հնարավորությունները մասնագետի որակյալ և անվտանգ գործունեությունն ապահովելու համար և այլն: Արդյունքում օտարերկրացի մասնագետի Հայաստանում կարճաժամկետ մասնագիտական գործունեության հայտը բավարարվում կամ մերժվում էր։

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ վերջերս ընդունվեց կառավարության որոշում, որով Էականորեն հեշտացվեց ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող բժիշկներին թույլտվության տրամադրման գործընթացը: Այժմ այդ բժիշկներից պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և պատշաճ գործունեության հավաստագիր` certificate of good standing, որով հավաստվում է, որ տվյալ բժիշկն իր երկրում մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ չունի: Հաշվի է առնվել, որ այդ երկրներում խստորեն վերահսկվում է բժշկական գործունեության իրականացումը, և բժշկական կրթության որակը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Ըստ էության, այս քայլը դրական ազդեցություն կունենա, մանավանդ, որ այդ երկրներից Հայաստան են գալիս ճանաչում ունեցող հայազգի մասնագետներ` նպաստելով առողջապահական մեր համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը:

Նույն շարքից