Հանրության շրջանում արդեն հայտնի է, որ անցյալ շաբաթ, մարդասիրական առաքելությամբ Լիբանան այցի ընթացքում, դաժան ծեծի է ենթարկվել հայտնի հայ գրող, հրապարակախոս և հանրային գործիչ Րաֆֆի Դուդակլյանը: Մենք գրում ենք հայտնելու մեր խիստ մտահոգությունը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի սրտում կատարված այս նենգ հարձակման վերաբերյալ:Առկա են ապացույցներ, որ կատարվածը պատահական բռնարարք չէր: Ընդհակառակը, առկա ապացույցները ցույց են տալիս, որ հարձակումը եղել է կանխամտածված, իսկ Րաֆֆին՝ դրա թիրախը:
Պարզ բացատրություն չկա առ այն, թե ում կողմից և ինչու է սա կատարվել:Որպես մտահոգ մասնավոր քաղաքացի, Րաֆֆին պարբերաբար գրում է հայ հանրության առջև ծառացած սոցիալական դժվարությունների, անհավասարությունների և անարդարությունների մասին: Այս հոդվածները լայն տարածում են ստացել, և աներևակայելի չէ, որ հենց այս գրություններն են հանգեցրել Րաֆֆիի հանդեպ բռնարարքին: Եթե իրոք այդպես է, ապա այս հարձակումը ծանր մտահոգության խնդիր է բոլորիս համար: Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք է, և մեզ համար անընդունելի է, որ որևէ անձ, կամ անձանց խումբ, կարող է ընտրել բռնության ուղին` սեփական անհամաձայնությունը կամ առարկությունները բարեկիրթ բանավեճի միջոցով արտահայտելու փոխարեն:Կատարվածը մեզ համար հատկապես մտահոգիչ է Րաֆֆիի աշխատանքային դիրքի և գործունեության համատեքստում: Որպես Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, Րաֆֆին մեծապես նպաստել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զորեղացման մեր նպատակի իրականացմանը և Արցախում տնտեսական և ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: Ավելին, նրա ջանքերը ազնվորեն ծառայում են արդար, առաջադեմ և ապահով հայրենիքի մեր ընդհանուր տեսլականին: