Ռուսական Յակուտսկ քաղաքում բացվել է Հայ առաքելական եկեղեցու աշխարհի ամենահյուսիսային վանքը: Այս մասին հաղորդվում է Սահա Հանրապետության (Յակուտիա) կառավարության կայքում:
Տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների եւ տոնի հյուրերի ներկայությամբ Նոր Նախիջեւանի եւ Ռուսական թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն օծել է եկեղեցին եւ պատարագ մատուցել:
Այժմ եկեղեցին վանահայր չունի, սակայն Եզրաս եպիսկոպոսն ասել է, որ այն միշտ բաց կլինի հավատացյալների համար: Ըստ եպիսկոպոսի` հոգեւորականը Յակուտսկ կգա ամսական առնվազն մեկ անգամ:
Հաղորդվում է, որ 2011 թ. եկեղեցում հիմքում դրվել է 16 քար` 12 առաքյալների, երեք ավետարանչականների եւ Գրիգոր Լուսավորչի պատվին: Եկեղեցին ունի 27 մ բարձրություն: Բոլոր նյութերը բերվել են Հայաստանից, եկեղեցին կառուցվել է բացառապես հավատացյալների նվիրատվություննրով:
«Եկեղեցին կառուցվել է բարեգործների եւ հայկական սփյուռքի հավատացյալների միջոցներով: Շինարարության վրա ծախսվել է 100 միլիոն ռուբլի, այն տեւել է 2,5 տարի», - պատմել է շինարարության գլխավոր մեկենաս, «Քինգ-95» շինարարական կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Սոս Վարժապետյանը:
Ի նշան ժամանակի հայտնի հայերի նկատմամբ հարգանքի եւ երախտագիտության` նոր եկեղեցու հարեւանությամբ տեղադրվել են Արկտիկայի եւ Անտարկտիդայի հայտնի ուսումնասիրող, պետական եւ քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովի եւ Ռուսաստանի ու Յակուտիայի արվեստի վաստակավոր գործիչ, Յակուտիայի ամենահայտնի հայ, կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանի կիսանդրիները:
Եկեղեցու տարածքում իրականացվում են նաեւ առանձին շինարարական աշխատանքներ` Հանրային կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որտեղ լինելու են կիրակնօրյա դպրոց, ձայնագրման ստուդիա, Յակուտսկի հայերի միության գրասենյակը եւ այլն: