Առողջապահություն 

Բարեփոխումների ժամանակ և կոռուպցիայի դեմ պայքարում ձեր կողքին ենք. ԱՄՆ դեսպան

analitik.am

Առողջապահության նախարարությունում այսօր հանդիպել են նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: Երկուստեք մեծապես կարևորել են առաջին հանդիպումն ու վերահաստատել արդյունավետ գործակցությունը շարունակելու նպատակադրումը: Այս մասին Analitik.am-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Դեսպանը նախ շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ, ապա շեշտել, որ Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում գործընկերության երկար պատմություն ունեն: «Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր համագործակցությունը կշարունակվի»,-ասել է Միլսը:

Նախարար Թորոսյանը նկատել է, որ վերջին 15-20 տարում երկկողմ գործակցությունը եղել է ակտիվ, իսկ ամերիկյան կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցությունը՝ զգալի և կարևոր:

«Շատ բարեփոխումներ առանց այդ աջակցության չէին լինի: Մեր գործունեության ընթացքում անհրաժեշտ կլինի ձեր օժանդակությունը համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Այս պահին արդեն տարատեսակ ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու առկա խնդիրները՝ թե արագ լուծումներ տալու, թե երկարաժամկետ ռազմավարություն մշակելու նպատակով: Պետք է ունենանք կոռուպցիայից զերծ առողջապահություն»,-նշել է Թորոսյանը:

Ամերիկյան կողմը շեշտել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ընթացիկ ծրագրերի վրա՝  առավելագույն արդյունավետությամբ կիրառելով առկա ռեսուրսները: «Նոր կառավարության համար, ինչպես հայտարարվում է, գերակա են աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Մենք լիարժեք աջակցում ենք Ձեզ՝ այս նպատակին հասնելու: Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանքներին աջակցելը դիտարկում ենք առանձին ու առանձնացված ռեսուրսներով»,-շեշտել է Ռիչարդ Միլսը:

Դեսպան Միլսն անդրադարձել է 2014 թվականից Հայաստանում տեսչական ստուգումները դադարեցնելու մասին կառավարության որոշմանն ու նկատել, որ դա որոշակիորեն բարդացնում է հայաստանյան համակարգին առնչվող տարբեր ցուցանիշերի հստակեցումը: Իսկ դա անհրաժեշտ է առևտրի ընդհանրացված համակարգում համատեղ աշխատանքի և մի շարք այլ առումներով ևս: Դիվանագետը գոհունակությամբ է արձագանքել նախարար Թորոսյանի պատասխանին այն մասին, որ առողջապահական տեսչական մարմինն այս պահին վերակազմավորվում է Առողջապահության և աշխատանքի տեսչության: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի դրա կանոնադրությունն ու ղեկավար կազմը: Այն կլինի կառավարությանը կից և նախարարություններից անկախ մարմին:

Նախարար Թորոսյանն ու դեսպան Միլսը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ընթացքում առավել առարկայական խոսել կոնկրետ ծրագրային ուղղությունների մասին:

Նույն շարքից