Առողջապահություն 

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը՝ մարտահրավեր և ուշադրություն պահանջող հարց

analitik.am

Հունիսի 12-ը առողջապահական համակարգում նշվում է որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման օր: Այս խնդիրը համարվում է 21-րդ դարի նոր մարտահրավեր ու պահանջում է լուրջ ուշադրություն: Ողջ աշխարհում այս խնդրի տարածվածությունն, ըստ վիճակագրության, 25-30% է մեծահասակների և 8%՝ երեխաների մոտ:

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը այսօրվա ոչ ինֆեկցիոն էպիդեմիա է: Սա ճարպային կուտակումն է լյարդի հյուսվածքներում՝ լյարդի քաշի 5%-ի և ավելի չափով:

Պետք է տարբերել ոչ ալկոհոլային հեպատոզն ալկոհոլայինից, քանի որ սա առանձնանում է:

Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը ենթադրում է հիվանդությունների մի ամբողջ շարք այն մարդկանց մոտ, որոնք չունեն ալկոհոլի չարաշահում, վիրուսային հեպատիտներ:

Ոչ ալկոհոլային ճարպային լյարդը խնդրի ամենավաղ դրսևորումն է` առանց լյարդի բորբոքման: Եթե այն ուղեկցվում է լյարդի բորբոքումով, կրում է ավելի արագ զարգացող և ավելի լուրջ կլինիկական ձև:

Խնդիրն առավելապես առնչվում է բնակչության որոշ ռիսկային խմբերի՝ բարձր ճնշում, դիաբետ, ճարպային փոխանակության խանգարում, բարձր խոլեստերին, ավել քաշ ունեցողներին, 45 և բարձր տարիքի մարդկանց:

Չնայած հիվանդությունը զարգանում է առանց առանձնահատուկ նշանների, այնուամենայնիվ, ունի որոշակի դրսևորումներ՝ որովայնի աջ կեսում (թուլակող) ծանրության զգացողություն, անհարմարավետություն, ընդհանուր թուլություն, հոգնածություն: Դրա բացահայտումը և խնդիրների վաղաժամ կանխումը ենթադրում է պարբերաբար հաճախել մասնագիտական խորհրդատվության: Այլապես խնդրի զարգացումը կարող է զարգացնել քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ և լյարդի առաջնային ուռուցք:

Ինչպես լյարդային, այնպես էլ արտալյարդային հիվանդություններով հիվանդացությունը և մահացությունն աճում են ողջ աշխարհում, այդուհանդերձ, դրանք համարվում են կառավարելի և կանխարգելվող:

Նույն շարքից