Առողջապահություն 

Փաստաբան Թամարա Յայլոյանը՝ բժիշկ Մադոյանին ծեծի ենթարկելու և կալանավորելու մասին

analitik.am

Մի քանի օր առաջ կալանավորել ու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ են ուղարկել Գյումրու Ավստրիական «Մոր և մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36- ամյա Վահագն Մադոյանին: Նախնական վարկածով պատճառը եղել էր այն, որ բժիշկը երեկոյան ժամը 10.30 սահմաններում իր տան դիմաց կանգնեցրած մեքենան փորձել էր մտցնել ավտոտնակ: Այդ ժամին քաղաքացիական հագուստ կրած երկու ոստիկաններ, որոնք, ի դեպ, ծառայողական  մեքենայով չեն եղել, կանգնեցրել են նրան` պնդելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է կատարում, որից և բախում էր առաջացել բժշկի ու ոստիկանների միջև: Բանը հասել էր նրան, որ բժշկին տեղափոխել էին ոստիկանության բաժին, նրա դեմ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով`  իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով ու կալանավորել էին: Բժիշկ-գինեկոլոգի փաստաբան Թամարա Յայլոյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ իրականում իր պաշտպանյալը ոչ թե դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցչին, այլ նրանց մեջ տեղի է ունեցել քաշքշուկ, և որ բժիշկը չէր կարող ենթադրել, որ դիմացինները ոստիկաններ են, քանի որ նրանք համազգեստ չեն կրել: Փաստաբանը նաև ասաց, որ բժիշկը  գնահատվել է որպես դրական կերպար. այդ դեպքից հետո յոթ օր մնալով ազատության մեջ` որևէ անգամ չի խոչընդոտել նախաքննական մարմնի աշխատանքը, բացի այդ նա ունի մշտական աշխատանքի վայր ու բնակավայր, հետևաբար և նրա նկատմամբ որպես խափանման  միջոց  կալանք ընտրելը անարդարացի է: «Հոդվածը նախատեսում  է տուգանք կամ պատիժ ազատազրկման ձևով: Այսինքն, միջին ծանրության հանցագործությունների թվին է պատկանում: Դատարանը բավարարեց քննիչ միջնորդությունը և  նրա խափանման  միջոցը ընտրեց կալանքը այն պարագայում, երբ չկա որևէ հիմնավոր ապացույց, որ բժիշկ Մադոյանը, մնալով ազատության մեջ, կդիմի փախուստի, կխոչընդոտի նախաքննությանը: Ընդհակառակը կան ապացույցներ, որ նա երբևիցե որևէ օրենք չի խախտի և չի դիմի փախուստի», -ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը: Այսօր դատարանը քննելու էր բժշկի խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու հարցը, սակայն նիստը հետաձգվեց: Նշենք, որ այս փաստը  իսկապես հարուցել է գյումրեցիների զայրույթը, ովքեր համացանցում սկսել են պահանջել անհապաղ փոխել բժշկի խափանման միջոցը: Օրինակ` «Լեննագանցիք» խմբի անդամներից մեկը` գրում է. «Ինչո՞վ է զբաղված ոստիկանությունը`փոխանակ գողերին, բանդիտներին ու մարդասպաններին բռնի, ընկել է բժշկի հետևի՞ց, երևի  մտածում է, թե բժիշկը փողատեր է»: Մյուսն արձագանքում է. «Այ, եթե ոստիկաններից որևէ մեկի կինը այս բժշկի կարիքը ունենա , միանգամից նրան կազատեն»: Մեկ ուրիշն էլ հարցնում է. «Ես վերջնականապես համոզվեցի, որ մեր երկրում միայն բանդիտները և օլիգարխները տեղ ունեն, ախր երկրիս իշխանավոր կոչեցյալներն էլ պետք է ինտելեկտ ունենան, որ  գնահատեն ինտելիգենտ և երկրիս շատ պիտանի մարդկանց : Ամեն ինչ ոտք առել գնում է, մինչև ե՞րբ ենք հանդուրժելու»: Նշենք, որ  ՀՀ ոստիկանությունը դեռ պաշտոնապես  չի պարզաբանել, թե ինչո՞ւ ոստիկանները քաղաքացիական հագուստ էին կրում ու ծառայողական մեքենայով չէին. մի՞թե այսուհետ քաղաքացիական հագուստով ցանկացած մեկը, եթե ներկայանա որպես ոստիկան, ընդունենք  ի գիտություն: 

Նույն շարքից