Առողջապահություն 

Առանձին ոլորտների զարգացման ուղղությունները՝ կոլեգիայի դիտակետում

analitik.am

Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Հայաստանում առողջ ապրելակերպի խթանման, դեղային ազգային քաղաքականության մշակման և ներդրման ուղղությամբ, ի՞նչ ծրագրեր են մշակվում ու իրականացվում կեղծ դեղերի դեմ պայքարելու նպատակով, ինչպե՞ս է ընթանում համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման գործընթացը. այս հարցերի պատասխանները կտրվեն  ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի 2014 թվականի նիստերում։ Հաստատված ժամանակացույցով կոլեգիան նաև կանդրադառնա համակարգի առանձին ոլորտներին։ Ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա կդառնան շտապ և անհետաձգելի, մեծահասակների և մանկական վերակենդանացման, վիրաբուժական, ուռուցքաբանական, նյարդավիրաբուժական, հեմոդիալիզային, մանկաբարձագինեկոլոգիական, նարկոլոգիական, ներզատաբանական, նյարդաբանական, ստոմատոլոգիական ծառայություների ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Կոլեգիան կամփոփի բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման կիսամյակային արդյունքները։ Կքննարկվեն ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության հսկողությունը, առկա խնդիրները և զարգացման ուղիները, միջազգային առողջապահական կանոնների ներդրման ձեռքբերումները և շարունակականության ապահովումը, Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշի միտումները, մարզային առողջապահական համակարգի վիճակը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև իմունականխարգելմանը վերաբերող և այլ հարցեր։

Օրակարգային թեմաները հաստատվել են` հաշվի առնելով թե կոլեգիայի անդամների, թե նախարարության գլխավոր մասնագետների, առողջապահության մարզային կազմակերպիչների առաջարկները։

Նախարարին կից կոլեգիայի բոլոր քննարկումների և որոշումների մասին հանրությունը կտեղեկացվի։  

 
 

Նույն շարքից