Հրաշք է, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանդից փրկված 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը կենդանի է: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:
«Արդեն 4-րդ օրն է, որ ես այստեղ եմ: Ինձ հետ այստեղ են աշխարհի լավագույն մասնագետները: Երեխայի համար արվում է ամեն ինչ, ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկար մասնագետ, որը կարող էր օգնել, ու մենք նրան դիմած չլինեինք: Ամեն ինչ արվում է երեխայի համար: Այն, որ նման ծանր վնասվածքներ ունեցող՝ այս հասակի երեխան կենդանի է, հրաշք է»,- ասաց բժիշկը:
Նրա խոսքով՝ իրենք մնալու են Հայաստանում, մինչեւ որ երեխայի վիճակը կայունանա:
Նշենք, որ այսօր 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է, խորացել է երիկամային և սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտոնեալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
Սկզբնաղբյուրը՝ news.am