Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 20-ին Ոստիկանության կրթահամալիրում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների հետ:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, այցի նպատակը ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի արժանացած գերազանց սովորողներին հավաստագրեր հանձնելն էր:
Անդրադառնալով համակարգի ծավալուն բարեփոխումների իրականացման գործում ոստիկանության կրթական հաստատության դերին ու նշանակությանը՝ ոստիկանության պետը դասախոսական կազմին առաջադրել է այն խնդիրները, որոնք առաջնահերթ են իրավապահների նոր սերնդի պատրաստման արդի փուլում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նաև, որ դասախոսների նվիրված աշխատանքը պետք է նույնպիսի արձագանք գտնի նաև սովորողների կողմից. կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող արդեն իսկ այսօր պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ոստիկանության և երկրի վաղվա համար, կերտի ոստիկանի այն տեսակը, որին սպասում է մեր հասարակությունը:
Վլադիմիր Գասպարյանը վերստին կարևորել է Ոստիկանության դերը հասարակական անվտանգության ու երկրի ներքին կայունության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության, նոր սերնդի առաքելությունը՝ Ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու գործում:
Ոստիկանության պետն անդրադարձել է նաև բարեփոխումների շրջանակում Ոստիկանության ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ծրագրերի իրականացման գործընթացին, որը շարունակական բնույթ է կրում:
Վլադիմիր Գասպարյանը ապագա ոստիկաններին կոչ է արել ջանք չխնայել իրավապահի մասնագիտությանը ողջ խորությամբ տիրապետելու գործում և անհանդուրժող լինել բոլոր այն երևույթների հանդեպ, որոնք խոչընդոտում են նոր ոստիկանության ձևավորմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կրթահամալիրի գերազանց սովորողներին հանձնել է ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի հավաստագրերը, իսկ սովորողների կողմից ընտրված լավագույն դասախոսներն արժանացել են ՀՀ ոստիկանության պետի կրծքանշանների: