Իրավական 

Ես ասում եմ, որ թուրքերի պատվերով է ռուս զինվորը իրականացրել սպանդը. Շանթ Հարությունյան

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների Առաջին ատյանի դատարանում կայացրած վճռի բողոքի քննությունը: Դատարանում բողոքն այսօր հիմնավորեց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ ինքը 2013թ-ի նոյեմբերի 5-ին փորձել է իրականացնել արժեքների հեղափոխություն, քանի որ ներկայումս հայ ժողովուրդը կորցրել է իր արժեքները:

«Իշխանությունները փորձում են ժողովրդին դեբիլացնել, արժեքների դեգրադացիան բերում է տրամաբանության դեգրադացիայի: Առաջին ատյանի դատարանում մենք ասում էինք, որ բերեք ռուս դատախազ, որովհետև այս ամենը կատարվում է Ռուսաստանի պահանջով: Հիմա մենք համոզվեցինք, որ Հայաստանում ամեն ինչ անում են ռուսները: Դա ապացուցեց Գյումրիի դեպքերը, երբ որ ռուս դատախազներն են գործը իրականացնում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին ՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, 4 տարի պայմանական ազատազրկման։ Մյուս ամբաստանյալները դատապարտվել են 1-ից մինչև 7 տարվա ազատազրկման:

Դատավորը ընդհատելով Շանթի խոսքը՝ խնդրեց զերծ մնալ քաղաքական վերլուծությունից և իրավական հիմնավորումներ անել, ինչին ի պատասխան Շանթ Հարությունյանն ասաց. «Այ մարդ, հո ինձ ռեստորանում քեֆ անելուց չե՞ն բռնել, ինձ փողոցում պայքարելուց են բռնել: Եթե Վերաքննիչում էլ չեմ կարողանալու ասել... Մեր պայքարը անօրինականությունները կանխելու համար են եղել»:

Շանթ Հարությունյանն ընդգծեց, որ նոյեմբերի 5-ին ինքն օգտվել եմ իր սահմանադրական իրավունքից, բացի այդ, ըստ նրա, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքնապաշտպանվել երբ վտանգված է իր, ընտանիքի, հասարակության կյանքը: Այնուհետև նա անդրադարձավ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդին:

«Գյումրեցիների արժանապատիվ պահվածքը ողջունում եմ, բայց կոչ եմ անում, որ ոչ ոք հակառուսական պայքար չծավալի, որովհետև դավադրություն է լինելու և Հայաստանը կկանգնի աղետի առաջ: Ես ասում եմ, որ թուրքերի պատվերով է ռուս զինվորը իրականացրել սպանդը: Թուրք Էրդողանը կանչել է Պուտինին ասել, որ եթե ուզում է իրան բլոկադայից չգցեն, պետք է անի իր ասածները: Հիմա եթե կա ռուս-թուրքական համաձայնագիր, ինչո՞ւ է դրանցից մեկը մեզ թշնամի համարվում, մյուսը՝ բարեկամ: Դա նշանակում է, որ մենք դեբիլ ենք»,- ասաց նա:

Դատավորը նորից ընդհատեց Շանթ Հարությունյանին, թե ի վերջո, ինչու է բողոք ներկայացրել Առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռի դեմ, ինչին ի պատասխան Շանթ Հարությունյանն ասաց, որ ինքը ոչ միայն դժգոհ չի, այլ նաև գոհ է. «Ինքն ա ինձ ասել գնա բողոք գրի»:

Հիշեցնենք նաև, որ մեկ տարի առաջ՝ 2013թ-ի նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանը մի խումբ քաղաքացիների հետ փորձել էր Երևանի Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով մահակներով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն, սակայն բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ձերբակալվել էին:

Նույն շարքից