Ռազմական 

Սահմանին իրավիճակը լարված է, բայց անհանգստացնող բան չկա. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրավիճակը վերահսկելի է, նորմալ աշխատանք է տարվում, անհանգստանալու բան չկա: Այսօր հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ից մեկնարկած ամառային զորակոչին և հարցին, թե ի վիճակի է արդյո՞ք պետությունը զինվորին ապահովել ամեն ինչով, Դավթյանը դրական պատասխան տվեց՝ հայտարարելով, որ զինվորն ապահովվում է այն ամենով, ինչը նախատեսված է օրենքով և կարգով. «Խնդրում եմ, եթե լինեն դեպքեր, որ այս կամ այն զորամասը զինվորին չապահովի ինչ-որ բանով, տեղյակ պահել: Մենք պատրաստ ենք շատ օպերատիվ կերպով արձագանքել, լուծումներ տալ տվյալ հարցին»:

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ վերջին շրջանում 5 ահազանգ է ստացվել ինչ-որ խախտումների մասով և միայն մեկն է հաստատվել. «Մենք շատ օպերատիվ ձևով արձագանքեցինք»:

Դավթյանը խոսեց արցախյան ճակատի և ադրբեջանական զորավարժությունների ու կուտակումների մասին՝ նշելով, որ վերջին տարիներին մշտապես լարվածությունը կա, ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, առանձնահատուկ որևէ բան չկա. «Մենք իրենց զորավարժություններին հետևում ենք շատ ուշադիր և պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացման: Մենք էլ, ըստ պլանի, անցկացնում ենք մեր զորավարժությունները: Անհանգստացնող բան չկա»:

 

Նույն շարքից