Ռազմական 

Զորամասերում նորակոչիների ընդունման համար ձևավորվում են հատուկ խմբեր

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների հա­մա­ձայն, զորակոչի նախապատրաստական և իրգործման փուլում զորամասերի հրա­մանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և ման­կավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմա­կերպ­ման նպատակով ձևավորվում են խմբեր:
Նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակո­չիկ­ներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղոր­դում զո­րամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրա­կանացնել համապա­տասխան աշխատանք­ներ:

1-ին օր
- բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կա­տար­վում նո­րա­կո­չիկների <<Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկ­ներում,
- հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ,
- անց է կացվում նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկա­­­կան գրքույկներում,
- նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնու հարդարման կանոններին,
- նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ,
- զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նա­մակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը,

2-րդ օր
Ծանոթացնում են՝
- զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտա­կան ուղու հետ,
- զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտակա­նութ­­յուններին,
- զինվորական ծառայության օրենսդրական և ենթա­օրենս­դրա­կան հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին,
- զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին,
- պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ,
- զինվորական ծառայության անվտանգության ապահովման կա­նոնների հետ:

3-րդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մար­տի­կի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնա­կան օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում: Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տե­սակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում:
Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդի­սավոր կերպով: Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախորոք տեղեկացնում է նորակո­չիկներին ու նրանց ծնողներին: Երդման արարողությունից հետո նորա­կոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում:
Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսում­նա­կան փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատ­ված գրա­ֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորա­կոչիկներին, կայազորի տարած­քում տրվում են ազատ արձակումներ:
Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայ­տարարվում է <<Բաց դռների օր >>, որի ժամանակ ծնողներին հնա­րավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդի­ների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայ­ման­ներին, մատուց­վող սննդի որակին:
Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամա­նա­տա­րի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձա­կուրդ­ների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական ար­ձա­կուրդ` 10 օր տևողությամբ:
Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցից արձակուրդ` 5 օրացուցային օր տևողությամբ.
ա) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,
բ) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվե­լու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահ­վան դեպքերում:
Հարկ է նշել նաև, որ այս զորակոչից բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են <<Տեղեկատվական գրքույկ­­ներ>>, որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծա­ռայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրա­վունքներն ու պարտականությունները:

ՀՀ ՊՆ

 

Նույն շարքից