Առողջապահություն 

Քննարկվել են առողջապահական ոլորտը նորարարություններով ավելի մրցունակ դարձնելու հարցեր

analitik.am

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը սահուն ներդնելու, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նորարարական տարբեր հայեցակարգերի հեղինակ Հարի Գլորիկյանի հանդիպման ժամանակ:

Գլորիկյանը, որպես հեռահաղորդակցության ոլորտում արտոնագրված մի շարք գյուտերի հեղինակ և բնական գիտությունների, առողջապահության, առողջապահական տեխնոլոգիաների ոլորտներում իր ձեռքբերումներով հայտնի մասնագետ, նախարար Թորոսյանին առաջարկել է նորամուծություններ ներդնել հայաստանյան համակարգում ևս:

«Թվային տեխնոլոգիաների ներդրմամբ պետք է և կարող ենք համակարգի աշխատանքներն առավել ճկուն և արդյունավետ դարձնել, ներդրվելիք e-health համակարգի անվտանգությունն` ավելի բարձր: Ուստի մենք մեծապես հետաքրքրված ենք այդպիսի նորարարություններով»,-ընդգծել է առողջապահության նախարարը:

Հարի Գլորիկյանն իր հերթին ներկայացրել է մի շարք երկրների հաջող փորձն այս առումով և նկատել, որ Սփյուռքի մասնագետների ներգրավմամբ հնարավոր է հայաստանյան առողջապահական համակարգը խիստ մրցունակ դարձնել այս առումով:

Նախարար Թորոսյանին հետաքրքրել է նաև Գլորիկյանի գաղափարը` Հայաստանում բջջային մակարդակով հետազոտությունների միջոցով պարզել մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղով հիվանդացության հակումը և պատճառները` ըստ այդմ նորովի մասնագիտական մոտեցում ցուցաբերելու:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական քննարկումներին հետագայում առավել առարկայական ընթացք հաղորդել:

Նույն շարքից