Առողջապահություն 

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

analitik.am

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ նա ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, ունեցած ցուցանիշերին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով:

Այցելություններ են եղել նաև Բերդի տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաներ և Արծվաբերդի ու Այգեձորի առողջության կենտրոններ, որտեղ նույնպես նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների առողջապահական խնդիրներին:

Արսեն Թորոսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տավուշի մարզպետարանն էր, որտեղ նա հանդիպել է Իջևանի տարածաշրջանի բուժհիմնարկների տնօրենների հետ, ովքեր տեղեկություններ են փոխանցել ինչպես իրենց կողմից ղեկավարվող բուժհաստատությունների, այնպես էլ առկա խնդիրների մասին:

Որպես առաջնահերթորեն լուծման ենթակա հարց Իջևանի ԲԿ-ի տնօրենը նշել է, որ հիվանդանոցը շտապօգնության մեքենայի կարիք ունի, քանի որ եղածը չի բավականացնում: Նոյեմբերյանի ԲԿ-ն անհրաժեշտ կադրերի խնդիր ունի, Կողբի բժշկական ամբուլատորիան` աշխատանքային պայմանների բարելավման կարիք: Սևքարի ամբուլատորիայի տնօրենի բարձրացրած հարցը կապված էր դեղորայքի գնումների հետ: Այրումի ամբուլատորիայի տնօրենին հետաքրքրել է բուժքույրերի վերապատրաստման հարցը:

Նախարար Արսեն Թորոսյանը լսել է ներկայացված բոլոր հարցերը, որոշների վերաբերյալ պարզաբանումներ տվել ու ընդգծել, որ բոլոր խնդիրները կուսումնասիրվեն ու կքննարկվեն նախարարությունում և հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց կլուծվեն:

Նույն շարքից