Առողջապահություն 

Արսեն Թորոսյանն այցելել է ՁԻԱՀ-ի կենտրոն

analitik.am

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն այցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ուղեկցությամբ ծանոթացել է  հոգեբանասոցիալական խորհրդատվության, համաճա­րա­կաբանական հսկողության, կանխարգելման, բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր ախտորոշման բաժիններում կատարվող աշխա­տանք­ներին:

Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նախարարին, մասնավորապես, ներկայացրել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության ուղղությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ճանաչված միջազգային փորձագետի մասնակցությամբ անցկացվող ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների ընթացքը, ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվող ծառայությունները կապված ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժման, համակցված վարակների բուժման և կառավարման հետ, դիսպան­սերային հսկողության շրջանա­կում տրամադրվող ծառայությունները՝ լաբորատոր-գործիքային հետազո­տու­թյուններ, հոգեբանա­սոցիալական աջակցություն և այլն:

Մանրամասն ներկայացվել են ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտություններ իրականացնող հանրապետությունում միակ լաբորատորիայի աշխատանքները: Տնօրենը նախարարին ծանոթացրել է նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի ուսումնակրթական, տարածաշրջանային գիտահետազոտական աշխատանքներին:

Նախարարը ծանոթացել է Կենտրոնի նոր կառուցված արևային ֆոտոէլեկտրական կայանի աշխատանքներին, ինչպես նաև լաբորատոր ախտորոշման և բժշկական օգնության և սպասարկման բաժինների նոր ենթակառուցվածքների ստեղծման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Քննարկվել են  ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Նույն շարքից