ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը սեպտեմբերի 20-21-ը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մասնակցում է «Կանայք հանուն առողջության գլոբալ ռազմավարության զարգացման» եվրասիական երկրորդ համաժողովին: Այն նախագահում է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Հանդիպումը նպատակ ունի ընդգծել կնոջ դերն առողջապահական քաղաքականության մեջ, սերտացնել եվրասիական երկրների համագործակցությունը նշված ասպարեզում, գործնական կապեր ստեղծել մասնակից երկրների կառավարման համակարգում գործող կին գործիչների միջև:
Համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության և դրանց հետևանքով մահացության ընդհանուր ցուցանիշերը` շեշտելով, որ դրանց շարքում առաջատար են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, քրոնիկ թոքային հիվանդություններն ու դիաբետը: Հայաստանը, Նանուշյանի փոխանցմամբ, հավատարիմ է ԱՀԿ մոտեցումներին և այս ուղղությամբ ռիսկի գործոնների նվազեցումն առաջնահերթ անելիքներից է, մասնավորապես, ծխողների բարձր թվի նվազեցման առումով:
«ՀՀ առողջապահության նախարարի նոր կաբինետը որդեգրել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման քաղաքականությունը` առաջնահերթորեն կարևորելով հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումն ու բարդությունների կանխումը, որպեսզի հետագայում խուսափենք նաև ուշացած բուժման համար անհրաժեշտ ավելի բարձր ծախսերից»,-շեշտել է Նանուշյանը:
Փոխնախարարը ներկայացրել է նաև որոշ հիվանդությունների ուղղությամբ ներդրված սքրինինգային ծրագրերն ու դրանց արդյունքները` շեշտելով առաջիկայում նման նոր նախաձեռնությունների նպատակադրումը և առողջ կենսակերպի խթանմանն ուղղված քայլերը:
Համաժողովում հատուկ անդրադարձ է կատարվում նաև կանանց առողջության պահպանման հարցերին:
Ակնկալվում է, որ այս հանդիպումը կհանդիսանա ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց հակազդման առումով կարևոր հարթակ: