Առողջապահություն 

ՀՀ-ում կներդրվի գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժման արդյունավետության բարձրացման ազգային ծրագիր

2019թ.-ից առողջապահության նախարարի նախաձեռնությամբ կներդրվի  գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված  ազգային ծրագիր: Դրա մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նիստին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը, Արսեն Դավթյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ նյարդավիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև արտերկրից ժամանած նյարդավիրաբույժներ Միքայել Գրիգորյանը, Միքայել Մուրաթողլին:

Իշեմիկ կաթվածների բուժման ազգային ծրագրի ներդրման արդյունքում հնարավոր կլինի տարեկան կանխել 37 մահվան դեպք ամեն 100.000 բնակչի հաշվով և փրկել տարեկան մինչև 1000 կյանք, ինչպես նաև շուրջ  39%-ով նվազեցնել հաշմանդամությունը:

Ներկայում Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում ոչ վարակիչ հիվանդությունները, մանավորապես, գլխուղեղի կաթվածը մահացության, հիվանդացության և հաշմանդամության հիմնական պատճառներից են:

Հետազոտությունների համաձայն` կաթվածից մահացությունը Հայաստանում 2-3 անգամ ավելին է, քան զարգացած երկրներում: Մինչդեռ վերջին 20 տարիներին գլխուղեղի կաթվածների բուժումն աշխարհում զգալի առաջընթաց է ապրել, իսկ մահացությունն աստիճանաբար նվազել է: Կաթվածի բուժման արդյունավետ կազմակերպված ծրագրերը խնայում են առողջապահական ազգային ծախսերը՝ նվազեցնելով հաշմանդամությունը և պահպանում բնակչության աշխատունակությունը:

Նույն շարքից