Վերլուծական 

Ucom-ի պատճառով կազմակերպությունները լուրջ վնասնե՞ր են ունենում

Հայաստանում ինտերնետային ու հեռախոսային կապ տրամադրող ընկերություններից Ucom-ը, որից Հայաստանում օգտվում են բազմաթիվ բնակիչներ և կազմակերպություններ,  բառիս բուն իմաստով, շահագործում է օգտատերերի համբերությունն ու թանկարժեք ժամանակը: Ասածս հիմնավորելու և հստակեցնելու համար փորձեմ ավելի մանրամասն ներկայացնել Ucom-ի «անխափան» գործունեության մանրամասները:


Սկսեմ պայմանագրից՝ պարզ է, որ անձը, կամ կազմակերպությունը, ով ցանկանում է օգտվել տվյալ ինտերնետային կապից, պարտավորվում է կնքել պայմանագիր: Ընկերությունը կազմակերպություններին  հրաժարվում է տրամադրել այլ փաթեթ, բացի կորպորոտիվ փաթեթներից, և դա հիմնավորում է նրանով, որ կորպորատիվ փաթեթների դեպքում կազմակերպությունները  ապահովվում են անխափան կապով, որի պատճառով էլ հենց փաթեթների միջև առկա է  գնային էական տարբերություն:  Սակայն, կորպորատիվ փաթեթն ընտրելուց հետո օգտատերը շատ կարճ ժամանակահատվածում համոզվում է, որ այն, բացի գնային տարբերությունից,  ուրիշ ոչնչով չի տարբերվում մնացած փաթեթներից:



www.analitik.am-ի խմբագրությունն բավականին նամակներ է ստացել բնակիչներից, ովքեր բողոքում են Ucom-ի տրամադրած ինտերնետային կայքից: Մենք զրուցեցինք մի շարք կազմակերպությունների հետ, ովքեր նույնպես դժգոհություններ հայտնեցին՝ ինտերնետային կապի  վատ աշխատանքի հետ կապված: Մեր խմբագրությունը նույնպես օգտվում է Ucom-ի ինտերնետային կապից, ինչի արդյունքում կրկնակի վճար ենք կատարում այլ ինտերնետային կապ մատակարարող ընկերությանը՝ մշտապես անխափան կապ ունենալու համար, քանզի գրեթե ամեն օր  Ucom-ի տրամադրած ինտերնետային կապը մեկ ժամով, երբեմն ավելի շատ, կորում է:  

Իսկ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ստիպված էինք մոտ երկու ժամ այլ ինտերնետային կապ օգտագործել, քանզի Ucom-ում կային տեխնիկական խնդիրներ,որի մասին, բնականաբար, ընկերությունն անգամ տեղյակ չի պահում իր հաճախորդներին:  Ucom  զանգահարելու ու ճշտելու դեպքում էլ  հեռախոսազանգին պատասխանում է շատ հաճելու ու անհոգ ձայնով ավտոռոբոտը, որը տեղեկացնում է, որ ընկերությունում առկա են տեխնիկական խնդիրներ և անձնակազմն աշխատում է դրանք վերացնելու ուղղությամբ:

 

Վստահ եմ, որ տվյալ ինտերնետային կազմակերպության մատուցած ծառայությունից օգտվում են բազմաթիվ ընկերություններ, որոնք նույնպես կանգնում են տվյալ խնդրի առջև, ինչի արդյունքում ունենում են ֆինանսական կորուստներ, ինչպես նաև դա ազդում է տվյալ կազմակերպությունների վարկանիշի վրա՝ առավել ևս, եթե վերջիններս համագործակցում են օտարերկրյա կազմակերպությունների հետ:



Ucom ընկերությունը պայմանագիրը կնքելիս՝ անպայմանորեն շեշտը դնում է լավ որակի կապ տրամադրելու ու դրա փոխարեն՝ օգտատիրոջից գումարը ժամանակին գանձելու վրա, սակայն պայմանագրում որևէ կետով չի նշվում, որ վատ ծառայության դեպքում, մանավանդ, կորպորատիվ փաթեթից օգտվողներին, պետք է տրամադրվի փոխհատուցում՝ հասցված վնասների համար:

 

Ո՞վ է փոխհատուցելու Ucom-ի պատճառով կազմակերպությունների կորցրած անարդյունավետ ժամանակի ու դրա պատճառով ընկերությանը հասցված թե ֆինանսական, թե ռեսուրսային վնասների համար, գուցե այս հարցով  դիմե՞նք ֆինանսների նախարարությանը, և խնդրենք վերջինիս անպատասխանատու կազմակերպությունից հավելյալ հարկեր գանձի տուժած կազմակերպությունների վնասները փոխհատուցելու համար :



Ներկայացնում ենք նաև ինտերնետային կապ տրամադրող կազմակերպության կայքի  սքրինշոթն առանց մեկնաբանության:



 

 

 

 

 

Նույն շարքից