Գիտություն 

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

analitik.am

Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։

«Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը 2015թ․-ից ի վեր Հայաստանի վեց մարզում իրականացնում է առաջնորդության զարգացման իր երկամյա ծրագիրը՝ գործուղելով որակյալ մասնագետների՝ դպրոցներում դասավանդելու, ինչպես նաև գյուղերում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու։ Այդ առումով կարևորվել է այդ ծրագրերի համապատասխանեցումը երկրի և մասնավորապես` տվյալ մարզի զարգացման քաղաքականությանը։

«Մենք ունենք բազմաթիվ հաջողված փորձեր, երբ նվիրյալ հայորդիները թողնելով Երևանյան փափուկ կյանքը, գնում են հեռավոր սահմանամերձ գյուղեր, իրենց ներդրումն ունենում համայնքի հետագա զարգացման գործում և ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Այո՛, ես դա համարում եմ ծառայություն, որովհետև հայ մանուկի կրթական մակարդակը ևս մեկ աստիճան բարձրացնելն ազգանվեր գործ է։ Իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ներառված են այս ծրագրում և այսօր ներկա են այստեղ»,- բացման խոսքում նշել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և պատրաստակամություն հայտնել օժանդակել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և մարզպետարանների միջև հետագա համագործակցության ընդլայնմանը։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, մարզպետարաններին ու կրթության վարչության պատասխանատուներին, ինչպես նաև գործընկեր դպրոցների տնօրեններին աջակցության համար և նշել․ «Հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրվանից մենք գերազանց համագործակցություն ենք սկսել Հայաստանի մարզպետարանների և մեզ հարազատ դարձած դպրոցների հետ, սակայն կարծում ենք, որ եռակողմ հուշագրի ստորագրմամբ նոր որակ կհաղորդենք համայնքային զարգացման ծրագրերի արդյունավետությանը՝ ապահովելով, որ դրանք բխեն տվյալ մարզի և համայնքի կարիքներից։ Մեզ համար կարևոր է նաև, որ այդ ծրագրերը լինեն կայուն, քանի որ դրանով աշակերտները տեսնում և հասկանում են, որ գյուղում կարելի է և հնարավոր է նորարարություն կիրառել, հետաքրքիր գաղափարի միջոցով արդյունք ստանալ»։

Միջոցառման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշխատակիցները ներկայացրել են իրականացվող կրթական և համայնքային ծրագրերը, որին հաջորդել է եռակողմ հուշագրի ստորագրումը հիմնադրամի և մարզպետարանների միջև։

Փաստաթղթի մեջ հստակ սահմանված են համագործակցության շրջանակը, կողմերի պարտավորություններն ու տվյալ համագործակցությունից ակնկալվող արդյունքները։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ այդ ամենը կկատարվի մարզպետարանների հետ համագործակցությամբ, ինչն էլ իր հերթին համակարգվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։

Նույն շարքից