Առողջապահություն 

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54 հազար մարդ

analitik.am

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է, նշվում է 1992թ.-ից` Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ:

Այս տարի օրվա կարգախոսն է «Երիտասարդ մարդիկ և հոգեկան առողջությունը` փոփոխվող աշխարհում», իսկ խորհուրդը` հանրության, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել հոգեկան առողջության խնդիրներին` բարձրացնելով հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկումը, հատկապես դեռահասների և վաղ հասունացնան տարիքի երեխաների շրջանում նրանց կյանքում տեղի ունեցող փոփոխությունների, ապրումների, օնլայն տեխնոլոգիաներից առանց սահմանափակման օգտվելու, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման վնասակարության վերաբերյալ, համախմբելով հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերը:

Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց մոտ հիվանդությունների գրեթե կեսն առաջանում է մինչեւ 14 տարեկանը. դրանց շարքում գերակշռում են դեպրեսիաները, ինչի հետևանքով 15-29 տարեկանների մոտ ինքնասպանությունը մահվան պատճառների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը: Երիտասարդների և դեռահասների շրջանում կանխարգելումը սկսվում է հիվանդության վաղ շրջանում ախտանշանների իմացությունից, ինչին պետք է ամենօրյա աշխատանքներով նպաստեն ծնողները և մանկավարժները:

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54 հազար մարդ, ընդ որում` կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարման ախտորոշումով հիվանդների թիվը 2559 է, որից 151-ը` 0-17 տարեկան երեխաների շրջանում, իսկ 568-ը` 18-19 տարիքային խմբում: Կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարումների կառուցվածքում հատկապես մեծ թիվ են կազմում մտավոր հետամնացությունը` 687 դեպք, գլխուղեղի օրգանական վնասվածքներից առաջացող հոգեկան խանգարումներ ` 517 դեպք, նևրոտիկ և սթրեսով պայմանավորված խանգարումները` 458 դեպք և այլք:

Հոգեկան առողջության ամրապնդումը, հոգեկան խանգարումների կանխարգելումը, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժումն ու վերականգնումը, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովումը պետության առաջնահերթություններից են: Հոգեբուժական ծառայության բարելավման ուղղությամբ կատարվում են հետևողական աշխատանքներ` սերտ համագործակցելով նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ, այդ թվում` հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման առումով առկա խնդիրների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման ուղղությամբ: Նաեւ այս լրջագույն նպատակադրմամբ է ներկայում վերանայվում «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը, դրա նոր նախագիծը նոր կարգավորումներ է նախատեսում տարիներ ի վեր արմատացած խնդիրներին:

ՀՀ Սահմանադրությամբ և «Հոգեբուժական օգնության մասին» օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք, և հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության միջոցների հաշվին:

Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում զբաղեցրած դիրքից: Հոգեկան առողջությունը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, որոշումներ կայացնելու և իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:

Նույն շարքից