Առողջապահություն 

ՀՀ-ՌԴ գործընկերությունը ռազմավարական կարևորության է. Թորոսյան-Ցիբ հանդիպմանը նոր անելիքներ են ուրվագծվել

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբին:

Զրուցակիցները նախ անդրադարձել են հայ-ռուսական գործնական առաջիկա հանդիպումների լայն օրակարգին, այդ թվում նաև` Օբնինսկում կայանալիք Ռուս-հայկական առողջապահական ֆորումին: Երկուստեք ընդգծել են, որ սա խոսում է երկու երկրների միջև ոչ միայն առողջապահական ոլորտում գործակցության սերտացման մասին: «Մեր հարաբերությունները ռազմավարական կարևորության են բոլոր ոլորտներում: ՌԴ նախագահը մեր առջև խնդիր է դրել առողջապահության ոլորտում աննախադեպ արդյունք ապահովել մինչև 2024 թվականը` ներդնելով ազգային նախագիծ: Ու այս համատեքստում մեծապես կարևորում ենք նաև ՀՀ հետ համագործակցությունը, մասնավորապես, դեղերի ու բժշկական սարք-սարքավորումների արտադրության գործընթացում և ոչ միայն»,-շեշտել է Սերգեյ Ցիբը:

Իր երկրի առողջապահական համակարգում որդեգրված նոր ուղղություններից ՌԴ ներկայացուցիչն առանձնացրել է միջուկային բժշկության զարգացման, արտասահմանյան ներկրվող դեղերը տեղականով փոխարինելուն ուղղված քայլերը` շեշտելով, որ ռուսական արտադրության ջեներիկ դեղամիջոցներն իրենց որակով չեն զիջում արտասահմանյան բրենդային դեղերին, միաժամանակ երկրի բյուջեն այդպիսով զգալի խնայողություններ է անում: Այս առումով Սերգեյ Ցիբը ակնկալում է նաև հայ դեղարտադրողների հետ կապերի սերտացում և հայաստանյան շուկայում ներկայացվածության ավելացում:

ՌԴ-ում արձանագրվող տեխնոլոգիական նորարարությունները, վստահաբար, հետաքրքիր են թե մեզ, թե մասնավոր արտադրողներին` նկատել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: ԵԱՏՄ շրջանակներում միասնական շուկայում գործելը երկկողմ գործակցության խթանման նոր հնարավորություններ է տալիս: Միաժամանակ, Թորոսյանի խոսքով, ՀՀ-ն կարող է լավ հարթակ հանդիսանալ ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով:

«Հայաստանը փորձում է պարզեցնել «Դեղերի մասին օրենքը»` լրամշակելով դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը, և շուկայի զարգացման առումով ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

Զրուցակիցները պայմանավորվել են հանդիպել առաջիկայում ՌԴ-ում կայանալիք ռուս-հայկական առողջապահական ֆորումի շրջանակներում ևս` ոլորտում գործակցությանը նոր թափ հաղորդելու ու կոնկրետ քայլերի շուրջ համաձայնություններ ձեռք բերելու նպատակով:

  • 95
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    97
    Shares

Related Articles