Գիտություն 

Քննարկվել է բուհերի կառավարման մարմինների քաղաքական ազդեցություններից հեռու պահելու հարցը

analitik.am

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպում է  ունեցել  ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Միխայել Զիբերտի հետ։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, միաժամանակ նշելով, որ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման յուրօրինակ հանրաքվե էր և ժողովուրդն իր մանդատը տվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մ.Զիբերտը նշել է, որ գերմանական կողմը պատրաստ է խորացնել հայ- գերմանական համագործակցությունը և իր պատրաստակամությունն է արտահայտում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ներդրման ու խորացման աջակցության հարցում։

ԳԴՀ պաշտոնյան ողջունել է ՀՀ կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում  համընդհանուր պայքար է մղվում կոռուպցիայի դեմ և մասնավորապես կրթության ոլորտում արդյունքներն արդեն նկատելի են։

Կողմերն անդրադարձել են նաև  բուհերի կառավարման մարմինների քաղաքական ազդեցություններից հեռու պահելու հարցերին։

ԿԳ նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև ԳԴՀ մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի ծրագրային քաղաքականության, ռազմավարության և միջազգային կապերի վարչության տնօրեն Բիրգիտ Թոմանի հետ։

Գ.Թոմանը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում ԳԴՀ-ի փորձը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտում խորացնել համագործակցությունը, մասնավորապես համատեղ գործողությունների ծրագիր կազմել։

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան։

Ընդգծելով Յ. Լեփսիուսի ունեցած դերը հայ ժողովրդի պատմության մեջ` կարևորել է տուն-թանգարանի կողմից իրականացվող մշակութային և գիտահետազոտական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  տուն-թանգարանի և Հայաստանի համապատասխան կրթական և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը։

Նույն շարքից