Գիտություն 

Դեսպան Մկրտչյանի և Լիտվայի ԿԳ նախարարի հանդիպումը

analitik.am

Հոկտեմբերի 23-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի կրթության և գիտության նախարար Յուրգիտա Պետրաուսկենեի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ներկա մակարդակին և դրա ընդլայնման հնարավորություններին՝ կարևորելով այդ հարցում տարբեր ուսումնական և գիտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատումն ու խորացումը։

Նախարար Պետրաուսկենեն ներկայացրեց Լիտվայում կրթության ոլորտում պետության նախաձեռնած բարեփոխումները, որոնք միտված են կրթության ընդհանուր որակի և միջազգային ասպարեզում լիտվական ԲՈՒՀ-երի մրցունակության բարձրացմանը՝ միևնույն ժամանակ մեծապես կարևորելով նաև տեխնիկական և միջին մասնագիտական կրթությունն ու մասնագետների վերաորակավորումը։

Դեսպան Մկրտչյանը և նախարար Պետրաուսկենեն քննարկեցին «Erasmus +» ծրագրի շրջանակներում կրթական փոխանակումների հնարավորությունները, կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համապատասխան մասնագետների պատրաստմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթության ոլորտում երկու երկրների լավագույն նախագծերի փորձի փոխանակման վերաբերյալ։

ՏՏ ոլորտում հնարավոր համագործակցության համատեքստում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ԹՈւՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը՝ հավելելով, որ նման կենտրոնների բացումն արտերկրում վերածում է Հայաստանը նաև կրթական ծրագրեր արտահանող երկրի:

Նույն շարքից