Վերլուծական 

Եթե «Հոկտեմբերի 27» չլիներ. «Առավոտ»

analitik.am

Ով է կազմակերպել «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունը՝ մենք չգիտենք: Թե ինչու է այն իրականացվել՝ կան քիչ թե շատ ճշմարտանման ենթադրություններ: Հավանաբար այստեղ դեր է խաղացել արտաքին գործոնը: Հիշենք, որ այն ժամանակ քննարկվում էր, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը», այսինքն՝ տարածքների փոխանակման միջոցով Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, ըստ որի՝ Ադրբեջանին տրամադրվում էր Մեղրիով միջանցք դեպի Նախիջեւան, իսկ Լաչինի միջանցքը եւ նախկին ԼՂԻՄ տարածքը (առանց ազատագրված շրջանների) կցվում էր Հայաստանին: Այդ՝ իմ կարծիքով, չափազանց վտանգավոր ծրագրին միանշանակ դեմ էին այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը:

Միանգամայն պարզ է նաեւ, թե ով օգտվեց այդ ահաբեկչությունից: Երբ ասում են՝ եթե «Հոկտեմբերի 27» չլիներ, Հայաստանը կբարգավաճեր, կոռուպցիա չէր լինի, կհաստատվեր ժողովրդավարություն, դա, իհարկե, սուտ է։ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի թիմերը տնտեսական լուրջ ծրագրերով «հակակոռուպցիոն» եւ ժողովրդավարական հակումներով չէին փայլում, ինչը, ի դեպ, ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը: Սակայն այդ ծանրակշիռ գործիչների բացակայության պայմաններում հաստատվեց Ռոբերտ Քոչարյանի միահեծան իշխանությունը, եւ իսպառ վերացավ տնտեսական ու քաղաքական մրցակցությունը։ Հաջորդ, 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախագահն ինքն էր կազմում երկու առաջատար ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախընտրական ցուցակները, իսկ այդ պարագայում խոսել զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների մասին՝ պարզապես ծիծաղելի է։

Մոտավորապես 2000 թվականի մայիսից, երբ զանազան խորամանկ ինտրիգների միջոցով Քոչարյանն ազատվեց ինքնուրույն քաղաքական մտածելակերպ ունեցող վարչապետից ու պաշտպանության նախարարից՝ Արամ Սարգսյանից եւ Վաղարշակ Հարությունյանից, Հայաստանն ընկղմվեց երկարատեւ լճացման, անշարժության մեջ: Օլիգարխիան եւ բյուրոկրատիան հասկացան, թե ով է «տանտերը», եւ հետեւաբար՝ երբ, որտեղ եւ ինչքան է պետք մուծվել։ Այդպես նրանք ապրեցին 18 տարի՝ մինչեւ այս տարվա ապրիլյան հեղափոխությունը:

Գուցե այդ 18 տարիները ոմանք անվանեն նաեւ կայունության ժամանակաշրջան, որի ընթացքում նաեւ լավ բաներ էին կատարվում, մասնավորապես, տնտեսության մեջ: Նման գնահատականի մեջ էլ կա, հավանաբար, ճշմարտության հատիկ: Սակայն այդ դրական երեւույթները չէին կարող փարատել մարդկանց աճող դժգոհությունն անարդարությունից, իշխանության ամբարտավանությունից եւ ամենաթողությունից: Ինձ թվում է՝ ինչ-որ դուռ բացող անկայունությունը բոլոր դեպքերում գերադասելի է անհույս լճացումից:

«Առավոտ» թերթի գլխավոր Արամ Աբրահամյան

Նույն շարքից