Հայաստանյան կինոփառատոներին այս տարի ամռանը կավելանա ևս մեկը` «Ֆրեսկո›»-ն:
‹‹Ֆրեսկո›› նշանակում է որմնանկար: Կինոփառատոնի կազմակերպիչն է ‹‹Ֆորմիկա›› ընկերությունը` Արարատյան թեմի աջակցությամբ: «Ֆրեսկո»-ն ոչ ֆորմալ մոտեցում է կինոփառատոնին՝ կինոդիտումից սկսած մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին տեղեկացրին բանախոսներ՝ փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանան և փառատոնի համակարգող Աննա Կրապետյանը։
Ասուլիսն ինքը ևս յուրօրինակ էր. մեկնարկին ու ավարտին երգերով հանդես եկան Արեգնազ կրթահամալիրի սաները:
Բանախոսները տեղեկացրին, որ ֆիլմերը ցուցադրվելու են Երևանի տարբեր մշակութային օջախներում, մանկատներում ու ծերանոցներում, ինչպես նաև մարզերում: Կինոփառատոնի բացումը կկայանա հունիսի 20-ին ու կտևի տասը օր։
Ի տարբերություն այլ կինոփառատոների` ‹‹Ֆրեսկո››-ն անցկացվելու է բացօթյա`անվճար նստատեղերով: Ֆիլմեր կցուցադրվեն Կարապի լճում, ուր նստարանների փոխարեն կտեղադրվեն հարմարավետ բարձեր, իսկ մարզերում կցուցադրվեն խարույկի շուրջը կամ եկեղեցիներում: Կինոդիտմանը կհաջորդեն քննարկումներ: Բացի այդ, ֆիլմերը սուրդո թարգմանություն կունենան (խուլ ու համրերի համար):
Տեր Եսայի քահանայի խոսքով՝ փառատոնի նպատակն է պրոպագանդել մարդասիրությունն ու բարոյականությունը, զարգացնել հայ կինոմատոգրաֆիան, հորդորել ռեժիսորներին մարդասիրական ֆիլմեր նկարել ու անդրադառնալ հոգևոր խնդիրներին: Ժյուրին ֆիլմերն ընտրելիս ևս նախապատվությունը պետք է տա մարդասիրական քարոզչություն իրականացրած ֆիլմերին: Կազմակերպիչների խոսքով այսօր եկեղեցիների որմնանկարները՝
‹‹Ֆրեսկո››-ն, քայքայվում են ու չեն վերանորոգվում։
«Պիտի նպաստենք հին արժեքների կարևորմանը: Այսօր հոգևորը միայն կրոնական իմաստով է ընկալվում` սխալ է: Ֆիլմերը հոգևոր արժեքների մասին են լինելու: Այժմ 25 երկրից հայտեր ունենք` անգամ մուսուլմանական, իսկ Հայաստանից կա մոտ 30 հայտ: Փառատոնի սիմվոլը քրիստոնեական է՝ ձուկ, որը հունարեն (IXΘΥΣ) հապավմամբ նշանակում է՝ I-Іησουç–Հիսուս χ-χριστοç–Քրիստոս θ-θεου–Աստծո Υ-υιοç–Որդի Σ- Σωτηρ – Փրկիչ»,- ներկայացրեց Աննա Կարապետյանը:
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է մրցութային և ոչ մրցութային բաժիններ: Մրցույթի անվանակարգերը ևս յուրօրինակ են` ‹‹Լավագույն մարդասիրական ֆիլմ››, ‹‹Սեր և խաղաղություն››, ‹‹Մեր օրերի հերոսը››, ‹‹Լավագույն «մեսիջ»› և այլն։