Մշակույթ 

Վաղուց արդեն Գրողների միությունը չի վերահսկում և առաջնորդում գրական կյանքը Հայաստանում. Արքմենիկ Նիկողոսյան

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը պնդում է, որ Գրողների միությունը վաղուց արդեն չի վերահսկում և առաջնորդում գրական կյանքը Հայաստանում։ Նա, թեև ողջունում է Հայաստանի գրողների միության՝ գրական ակումբներ ստեղծելու նախաձեռնությունը, սակայն մտավախություն ունի, որ դա կդառնա միության առանձին խմբերի համար ընդամենը հավաքատեղի։

«Բարձր գնահատելով այս նախաձեռնությունները, որոնց գործառնությունը ես չեմ պատկերացնում, ինչպես ներկայացվում է, թե շախմատի, թե բանավեճի, թե գրական ակումբի դեպքում մտավախություն ունեմ, քանի որ Գրողների միությունում, ինչպես հասարակությունում, կա խավերի բաժանում, դա կարող է բավարարել գրողների մի խավի պահանջները։ Այսինքն՝ գրողների մի մասի հավաքատեղի լինի»,-ասաց նա։

Նման ակումբներն ըստ երիտասարդ գրողի՝ նորություն չեն։ Ըստ նրա, այն, ինչը միությունը ուզում է նոր անել, 5-6 տարի է գործում են՝ գրական ակումբներ, գրական սրճարաններ և այլն։

Ըստ նրա, ակումբներ բացելուց առաջ, Գրողների միությունը նախ պետք է մի շարք այլ խնդիրների վրա ուշադրություն դարձնի։ «Այդ ճանապարհին՝ ակումբեր բացելուց առաջ, միությունը տեխնիկական թարմացման խնդիր պետք է լուծի, տարրական բանը՝ համակարգիչները հին մոդելի են, միությունը կայք չունի։ Պետք է անընդհատ այդ խոստումներից անցնի բուն գործունեությանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ Գրողների միությունը վաղուց չի վերահսկում և առաջնորդում գրական կյանքը Հայաստանում։ 

«Գրական կյանքը ծավալվում է Միությունից ավելի շատ դուրս, քան ներսում»,-ասաց նա և ավելացրեց, որ այսօր Հայաստանում հրատարակչություններ կան, որ Գրողերի միությունից ավելի շատ են գրքեր են տպագրում և հետն էլ քարոզչություն անում։

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ գրողների միությանն անհրաժեշտ է կտրուկ սերնդափոխություն, որ ոչ թե ավագ սերնդի ներկացուցիչներին հանեն ու երիտասարդներին բերեն, այլ հայացքների թարմություն մտցնեն, նոր մոտեցումներ բերեն։

«Այսօր միությունում կա ավագների գերիշխանություն և երիտասարդների չներգրավվածություն։ Պետք է ընկալվի, որ այսօր թե գրականության կյանքի կազմակերպման ձևերն են փոխվել, թե գրականությունը տեղ հասցնելու սիստեմը։ Գեղեցիկ բառեր ասելով՝ խնդիրը չի լուծվի»,-ասաց նա և նշելով, որ միությունում դեռ մնում է այնպիսի վարչարարություն, որտեղ շատ գրողներ իրենց ավելորդ են զգում։ 

Նույն շարքից