Մշակույթ 

«Քո արվեստը դպրոցում». ընտրված արվեստագետներից յուրաքանչյուրը կայցելի 30 դպրոց

analitik.am

ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթության նախագիծը, որը դպրոցներում իրագործվող հերթական մշակութային ծրագիրն է:

Նախագծի շրջանակում գրականության, կերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներ կայցելեն Հայաստանի բոլոր պետական հանրակրթական դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը:

Այդ նպատակով նախապես հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում արվեստագետները Մշակույթի նախարարություն են ներկայացվել արվեստի կրթության հեղինակային ծրագրեր: Երկու նախարարությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովն ընտրել է 50 ծրագիր:

Յուրաքանչյուր արվեստագետ պետք է այցելի 30 դպրոց` յուրաքանչյուր մարզից և Երևանից ընտրելով նվազագույնը 1, առավելագույնը 3 դպրոց:

Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել դպրոցների ընտրության հրապարակային վիճակահանություն:

Դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված արվեստագետները Հայաստանի 1360 պետական դպրոցների ցանկից վերը նշված սկզբունքով ընտրել են մարզային և մայրաքաղաքային դպրոցները:

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերից և կավարտվի մայիսին:

Նախագծի շրջանակում յուրաքանչյուր արվեստագետ կստանա 1 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 16-ին նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցն ազդարարեցին կրթամշակութային երկու ծրագրերի մեկնարկի մասին. մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգի ներդրում, որի շրջանակում  ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների   աշակերտները ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելում են թանգարան, համերգասրահ և թատրոն, և  «Քո արվեստը դպրոցում»  ծրագիրը, որի շրջանակում արվեստագետներն են այցելում դպրոցներ` ներկայացնելու արվեստի  կրթության հեղինակային ծրագրերը:

Նույն շարքից